Եմենցի ակտիվիստները տարածել են ձեռագիր փաստաթուղթ, որը, նրանց խոսքով՝ հանդիսանում է երկրի նախկին նախագահ Ալի Աբդալլա Սալեհի վերջին կամարտահայտումը մինչ հութի-աշխարհազորայինների ջոկատի կողմից սպանվելը։ Փաստաթղթի վրա դրված է նրա ստորագրությունը։

Շեյխ Թարիք ալ-Ավադին, ով հանդիսանում է «Համընդհանուր ժողովրդական կոնգրես» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Յասիր ալ-Ավադիի եղբայրը, նախկին նախագահի մոտ շրջապատից էր։ Նա հաստատել է, որ կտակն իրեն է փոխանցել Սալեհի հարազատներից մեկը, սակայն նրա անունը չի հայտնել։

Եմենցի առաջնորդն այդ գրությունն արել է դեկտեմբերի 3-ին՝ սպանությունից 1 օր առաջ։

Սալեհը նամակում կոչ է անում եմենցիներին շարունակել պայքարը հութիական շարժման դեմ և խնդրում է նրանց չհանձնվել։

«Եթե դուք գտնեք այս փաստաթուղթը, իմացե՛ք, որ մեր հայրենիքն անգին է, և մենք չենք կարող անտեսել այն։ Ես հորդորում եմ Ձեզ, ի՛մ երեխաներ և ի՛մ ժողովուրդ, չհանձնվել այդ հանցավոր աշխարհազորայիններին, թույլ չտալ, որպեսզի նրանք զավթեն հանրապետական Եմենն ու վերածեն Ձեր գոյությունը մղձավանջի։ Այս պահին ես ինձ տեսնում եմ այն բազմաթիվ դավաճանների թվում, ովքեր վաճառել են Եմենը գրոշներով։ Ես ողջունում եմ քեզ, եմենցի՛ մեծն ժողովուրդ, մենք կհանդիպենք դրախտում»,-ասվում է նամակում։

Եմենցի լրագրող և հանգուցյալ առաջնորդի մոտ կողմնակիցներից մեկը հրապարակել է նամակի լուսանկարն իր թվիթերյան էջում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել