Բժիշկներն ասում են, որ մարդուն օրական հարկավոր է միջինում 7-8 ժամ քուն։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ 100 000 ամերիկացիներից մոտավորապես 80-ը տառապում են անքնությամբ։ Այդ ցուցանիշը Հայաստանում շատ ավելի քիչ է՝ 30 մարդ։

Անքնությամբ սովորաբար տառապում են մեծահասակները, ինչի հստակ պատճառը բժիշկները մինչ այժմ չեն կարողանում գտնել, սակայն առավել տարածված պատճառներ են նևրոզն ու ալկոհոլամոլությունը։ Սակայն, իհարկե, երիտասարդների մոտ ևս քնի խանգարումներ հաճախ են նկատվում, հատկապես եթե սովոր եք ուշ ժամերի քնելուն, գիշերային ժամերին սովորելուն կամ աշխատելուն։

Հոգնե՞լ եք մտքում ոչխարներին հաշվելու մեթոդից, եթե այո, ապա փորձեք այս մեկը, որը շատ ավելի իրատեսական է։

Related image

Ոմանք նախընտրում են քնելուց առաջ քնաբեր հաբեր ընդունել, սակայն դրանց պարբերաբար օգտագործումն, իհարկե, ունի նաև իր բացասական ազդեցությունը։ Բժիշկ Էնդրյու Ուեյլն առաջարկում է միանգամից քնելու այլընտրանքային տարբերակ, որը լիովին անվնաս է։

«4-7-8»․ այսպես է կոչվում բժշկի հայտնաբերած մեթոդը։ Ըստ նրա՝ երբ անհանգիստ եք, ադրենալինը սկսում է հոսել անոթներով, սիրտն սկսում է արագ բաբախել, իսկ շնչառությունը միանգամից արագանում է։ Հենց այդ ժամանակ էլ մարդու մարմինը չի կարողանու հանգստանալ ու քնել։ Այս մեթոդի շնորհիվ հնարավոր է կարգավորել շնչառությունը, հետևաբար նաև սրտի աշխատանքն ու միանգամից խորը քուն մտնել։ Ահա, թե ինչպես քնել «4-7-8» մեթոդի օգնությամբ։

Ամեն ինչ շատ պարզ է․ ընդամենը արեք հետևյալը. լեզուն հանեք հնարավորինս վեր, որ դիպչի բերանի խոռոչի վերին հատվածին, և ողջ ընթացքում այն պահեք նույն դիրքով։ Սկզբում մինչև վերջ արտաշնչեք, ապա 4 վայրկյան քթով շունչ քաշեք (մտքում հաշվեք մինչև չորսը)։ Հետո փակեք բերանն ու 7 վայրկյան պահեք շունչը։ Երրորդ քայլը հետևյալն է․ բացեք բերանն ու ամբողջովին արտաշնչեք՝ մտքում հաշվելով մինչև 8-ը։ Կրկնեք մի քանի անգամ, բայց հիշեք, որ չի կարելի սա անել ավելի, քան 4 անգամ։

Այսինքն՝ ընդամենը պետք է 4 վայրկյան շնչեք, 7 վայրկյան պահեք շունչը և 8 վայրկյան արտաշնչեք։ Շատերը պնդում են, որ այս մեթոդն իրենց ուղղակի փրկել է անքնությունից, բայց կան նաև մարդիկ, ովքեր կարծում են՝ բժիշկ Էնդրյուի մեթոդն ընդհանրապես չի գործում։ Հաջողության հասածները նաև նշում են, որ իրենց մոտ սա միանգամից չի ստացվել, այլ առնվազն մի քանի շաբաթ է պահանջվել։ Կարևոր է լինել համբերատար և օրական ընդամենը 1-2 րոպե տրամադրել այս վարժությանը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել