Tert.amLife-ը գրում է.
Ամիսներ առաջ Tert.am Life–ն իր ընթերցողներին պատմել է, որ ռեժիսոր Արեն Բայադյանին գտել են Հրազդանի կիրճում և տեղափոխել հիվանդանոց։ Նա վայր էր ընկել Սուրբ Սարգիս եկեղեցու կողմից։ Ռեժիսորն ուներ ողնաշարի և կողերի կոտրվածքներ։ Ավելի ուշ հայտնել էինք, որ Արենն արդեն տանն է և վերականգնողական փուլում է։ Դեպքից ամիսներ անց Արենը կրկին աշխատում է, ասում է` հիմա ավելի ակտիվ գրաֆիկով, քան նախկինում։ Tert.am Life–ի հետ զրույցում Արենը պատմել է այս փուլում ունեցած բարդությունների, դրանք հաղթահարելու և նոր աշխատանքների մասին։
 
Արենը նշեց, որ վիրահատությունից հետո վերականգնողական փուլ է անցնել, հիմա արդեն լիարժեք վերականգնվել է և վերադարձել աշխատանքի։ Վերականգնողական փուլը հեշտ չէր, սակայն  նա  չի դժգոհում։
 
«Բավականին մեծ աշխատանք արեցի այդ փուլը հաղթահարելու համար։ Կյանքում ոչ ոքի չեմ ցանկանա նման բանի միջով անցնել, անգամ, թշնամուս։ Շատ դժվար փուլ էր, որի մասին չէի ուզի խոսել։ Առողջության վերականգման հետ կապված այդ փուլերը, ցավերն ու ապրումները կարող են կոտրել մարդու հոգեկան աշխարհը, բայց ես դժվարություններին չէի նայում։ Պարզապես, պետք է գնահատես կյանքդ, գնաս դեպի նպատակդ։ Երբ նպատակ ունես, ուժ է մտնում քո մեջ։ Դժվարությունը, ցավը շատ մեծ էին, սակայն հիմա չեմ ուզում վատը հիշել։ Փառք Աստծո, որ ամեն ինչ այդպես հաղթահարվեց»,– ասաց ռեժիսորը ու հավելեց, որ այդ ամենը հաղթահարել իրեն օգնել են կինը, ընկերներն ու գործընկերները։
 
 
Դեպքն Արենին մտածելու, կյանքը վերագնահատելու հնարավորություն է տվել։ «Շատ բան է փոխվում։ Բնականաբար, դա ունենում է իր ազդեցությունը։ Աշխարհայացքդ է փոխվում, գնահատում ես ամեն  վայրկյանդ, ամեն պահդ, այն, ինչ ունես։ Դեպքը շատ բան փոխեց իմ կյանքում։ Հաճախ, մարդիկ զղջում են, որ ինչ–որ վատ բան է եղել իրենց հետ։ Ես չեմ զղջում և ժամանակը հետ չէի տա։ Ոչինչ պատահական չի լինում։ Այս դեպքն իր նշանակությունն ուներ»,– նշեց Արենը։
 
Անդրադառնալով  քննարկումներին, որ իրեն ծեծել էին, կոտրված էին նաև մատները, Արենն ասաց, որ նման բան չկար. «Շատ խոսակցություններ կան նաև այն մասին, որ դա ինքնասպանության փորձ էր, հաշվեհարդար, սակայն  դա եղել է դժբախտ պատահար։ Ինչը պետք է պատճառ լիներ, որ ինձ պես արվեստագետի հետ հաշվեհարդար տեսնեին։ Ես չէի պատկերացնում, որ կարող է նման բան լինել, բայց եղավ։ Մեր ազգին բնորոշ են տարբեր խոսակցությունները։ Այդ ամենի հետևից գնալ չես կարող»։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել