Նոյեմբերի 29-ին Շիրակի պետհամալսարանի ռեկտոր և ՆԶՊ բաժնի դեկան Սահակ Մինասյանի թեթև ձեռամբ վերը նշված բաժնի 7 ուսանողներ, որոնք օգտվում են տարկետման իրավունքից, վտարվել են բուհից։ Պատճառը ռեկտոր-դեկանի անփութությունն էր, որը չի կազմակերպել այդ 7 ուսանողների լուծարքները՝ չի ձևավորել համապատասխան հանձնաժողովներ, չի կազմել ժամանակացույց և հնարավորություն չի տվել ակադեմիական պարտք ունեցող ուսանողներին օգտվելու լուծարքի երկու հնարավորությունից։ Արդյունքում այդ ուսանողներն ակադեմիական պարտքերով նույն ռեկտորի հրամանով ստացել են փոխադրական և տեղափոխվել հաջորդ կուրս։ Որոշ ուսանողներ, ովքեր ռոտացիայի արդյունքում հայտնվել են վճարովի համակարգում, նույնիսկ վարձավճարներն են մուծել։Սակայն ՇՊՀ ռեկտոր Սահակ Մինասյանը, փորձելով թաքցնել սեփական հանցանքները, կոպտորեն խախտելով օրենքները, նոյեմբերի 29-ին տեղեկացնում է ուսանողներին, որ նրանք հեռացված են (ազատված են) բուհից, այնինչ վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն էր։
Ռեկտոր Մինասյանը համոզված էր, որ այս ապօրինությունը ևս մարսելու է, սակայն ուսանողները և ծնողները ոչ միայն դիմեցին ինձ, այլև բաց նամակ հղեցին ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանին և Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին։
Այսօր արդեն տեղեկացա, որ վտարված ուսանողների կուրսղեկները զանգահարում են այդ տղաներին և հորդորում գալ դիմում գրել և վերականգնվել՝ մինչև դեկտեմբերի վերջ դասերին ներկայանալ և գոնե այս սեմեստրն ավարտելուց հետո նոր գնալ բանակ պատրվակով։ Հետաքրքիր է, այդ կուրսղեկը հասկանո՞ւմ է, որ, կատարելով ռեկտորի հրահանգը, դառնում է նախ՝ հանցագործ, իսկ հետո էլ՝ ստախոս։ Ինչպե՞ս կարելի է մի բան խոստանալ ուսանողին, եթե այդ ամենը համապատասխան օրենքի կոպիտ խախտում է։ Կրթական գործի Կոլումբոսին և նրա անտեղյակ կամակատարներին հիշեցնեմ, որ խախտում և ոտնահարում են Կրթության և գիտության նախարարի 2011 թ. նոյեմբերի 17- ի թիվ 1242-Ն հրամանի՝ «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողների հեռացման (ազատման) և վերականգնման» կարգի հետևյալ կետերը.


3.18. Ուսանողական իրավունքների վերականգնման դիմումները ներկայացվում են կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող և հաջորդող երկու շաբաթների ընթացքում, իսկ հեռակա համակարգում` կիսամյակների ուսումնական պարապմունքներին նախորդող երեք շաբաթների ընթացքում: Վերականգնման դիմումին կցվում է ակադեմիական տեղեկանքը կամ ստուգման գրքույկի պատճենը:

Մեր ուսանողների պարագայում նախորդող և հաջորդող շաբաթները վաղուց անցել են։

29. Բուհից հեռացված ուսանողները վերականգնում են իրենց ուսանողական իրավունքները առնվազն 1 կիսամյակ հետո:

Մեր ուսանողների պարագայում նրանք կարող են վերականգնվել նոր ուսումնական տարուց՝ սեպտեմբերի 1-ից։
Պարոն Մինասյանի արարքը տրագիկոմեդիա է. ողբերգություն է ուսանողների և կոմեդիա՝ նույն ռեկտորի համար։
ՇՊՀ ռեկտորի այս մեթոդներով փորձերը՝ մեղմել ուսանողների և նրանց ծնողների զայրույթն, անօրինական են և հանցանք պարունակող։ Որոշ ուսանողներից կորզած դիմումներն իրավական ուժ չունեն և ապօրինի են, պարզապես ռեկտորը ստորագրված թղթեր շատ է սիրում հավաքել, նույնիսկ եթե դրանք անօրինական են։
Կոչ եմ անում բուհից վտարված 7 ուսանողներին և նրանց ծնողներին չդառնալ Սահակ Մինասյանի հանցակիցը:
Մնում է մեկ տարբերակ՝ դատի տալ հանցագործ ռեկտորին և վերականգնել ուսանողական իրավունքները։

Հ.Գ. Հուսանք՝ ԿԳ նախարարը և ՄԻՊ գրասենյակի ղեկավարը վերջապես կանդրադառնան հերթական խայտառակ իրավիճակին, որը ստեղծվել է Շիրակի պետհամալսարանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել