«Պոլիէթիլենային շշերն ու տոպրակները լուրջ էկոլոգիական խնդիր են բնության եւ մարդու առողջության համար»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Էկոլոգիական ակադեմիա» հասարակական կազմակերպության ղեկավար, քիմիկոս Գրետա Գաբրիելյանը։ 1950-1960-ական թվականներին առաջին անգամ աշխարհում սկսեցին կիրառվել պոլիէթիլենային տոպրակները` սննդամթերքը չորացումից պահելու համար: Ներկայումս, սակայն, աշխարհում տոպրակների արտադրությունը խիստ մեծ չափերի է հասել:
 

«Իրենց քիմիական բաղադրությամբ դրանք տարբեր կարող են լինել, ուստի, ըստ քիմիկոսի, ավելի ճիշտ է դրանք անվանել ընդհանուր ձեւով` պլաստիկ տոպրակներ: Դրանց մեջ կան թեթեւ, ոչ մեծ խտություն ունեցող պլաստիկներ, որոնց հավաքումն ու վերամշակումը ձեռնտու չէ, ուստի դրանք հայտնվում են բնության մեջ եւ դառնում վտանգավոր: Գ. Գաբրիելյանը տեղեկացրեց, որ պլաստիկները քայքայվում են 100-200 տարվա ընթացքում: Ըստ որոշ փորձագետների` տարեկան 6 մլն 300 հազար տոննա աղբ է լցվում համաշխարհային օվկիանոս, որի մեծ մասը հենց պլաստիկներն են կազմում. դրանք պատճառ են դառնում 1 մլն թռչունների, 100 հազար ծովային կաթնասունների եւ բազմահազար ձկնային վտառների ոչնչացման»,- փոխանցում է Արմենպրեսը:

Աշխարհում գործընթացներ են կատարվում` պակասեցնելու պլաստիկ տոպրակների կիրառումը: Նույն խնդիրը կա նաեւ շշերի դեպքում: Բնապահպան Թամարա Գալստյանը նշեց, որ մարդու համար արհեստական պոլիմերները քաղաքակրթության մի դրսեւորումն էին, սակայն ներկայումս տնտեսության մեջ երեւի թե չկա մի ասպարեզ, որտեղ այն չի օգտագործվում:

«Թվում է` Հայաստանն անհաղորդ է այդ խնդիրներին, սակայն իրականում սա վտանգավոր է նաեւ մեզ համար: Դրանք խառնվում են կոյուղաջրերին, առաջացնում խցանում, որի մաքրման համար մեծ ծախսեր են անհրաժեշտ»,- նշեց բնապահպանը` հավելելով, որ 20 րոպե օգտագործելուց հետո պլաստիկ տոպրակը նետում ենք, սակայն այն մեզանից երկար կյանք է ունենում: Ըստ բնապահպան Լիլիթ Դաշյանի` պոլիէթիլենային տոպրակներն առաջացնում են նյարդային հիվանդություններ, երիկամների աշխատանքի, հորմոնների խախտումներ, նաեւ քաղցկեղածին են: Բնապահպանները նշում են, որ ցանկալի է անցում կատարել թղթե ու կտորից տոպրակների: Նրանց խոսքով` Հայաստանին հասցվող ամենամեծ վնասը մեր բնության գեղեցկության աղավաղումն է: «Իռլանդիայում տոպրակների գները բարձրացվեցին, որի հետեւանքով 94 տոկոսով պակասեց դրանց գործածությունը»,- նշեց Լ. Դաշյանը` ընդգծելով որեւէ կերպ այս հարցի լուծման անհրաժեշտությունը:

Բնապահպաններն առաջարկում են ցուցանակներ փակցնել խանութներին` «Խնդրում ենք խանութ մտնել ձեր տոպրակներով, որովհետեւ մեզ համար թանկ է մեր բնությունը» գրությամբ: Առաջարկվող ելքերից մեկն էլ տուգանքներ նշանակելն է այդ տոպրակների ներմուծման համար: «Հարցեր կան, որոնց լուծման համար խոր գիտելիքներ եւ ներդրումներ անհրաժեշտ չեն. սա մեկն է այդ հարցերից»,- համոզմունք արտահայտեցին բնապահպանները` շեշտելով, որ հասարակության յուրաքանչյուր անդամ կարող է այս խնդրի լուծումն իրենից սկսել: Նրանք նաեւ զգուշացրին, որ չի կարելի այրել պլաստիկ տոպրակները. դա կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ առողջության համար:
 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել