«Աղքատության մասին սկանդալային հայտարարություններով հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամա­վորները, պարզվում է, բավական լուրջ ունեցվածքի տեր են: Օրինակ՝ ԱԺ պատգամավոր Խոսրով Հարությունյա­նը, որ հայտարարել էր. «Կա ընտանիք, որը միայն կարտոֆիլ է օգտագործում: Հիմա, եթե միսը թանկ է կամ էժան, ին­քը, միևնույն է, գումար չունի՝ միս գնե­լու, շարունակում է կարտոֆիլ օգտա­գործել», միայն պաշտոնական հայտարարագրում նշել է երկու բնակարան, մեկ ամառանոց, բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, մեկ հողա­մաս, MERCEDES-BENZ Տ 420 մակնիշի ավտոմեքենա: Ընդ որում, «Ժողո­վուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հարությունյանի հայտարարագրած բնակարաններից մեկը Հյուսիսային պո­ղոտայում է, ինչպես նաև ավտոկայա­նատեղին: Բացի այդ՝ աղքատներին կարտոֆիլ ուտելու մասին խորհուրդ­ներ տվող պատգամավորը տուն ունի Բուլղարիայի նավահանգստային քա­ղաք Վառնայում: «Ժողովուրդ» օրա­թերթը տեղեկացավ, որ նրա դրամա­կան միջոցը կազմել է 40 հազար դոլար:
 
Բավական հարուստ է նաև նրա որ­դին՝ Ռոբերտ Հարությունյանը, ով ար­տաքին գործերի փոխնախարար է: Նա ունի շենք, շինություններ, երկու հողա­մաս, երկու բնակարան, VOLKSWAGEN TOUAREG 3.2 և NISSAN X-TRAIL 2.5 I մակնիշի ավտոմեքենա: Փոխնախա­րար որդին 3 ընկերությունում ունի 5 մլն 605 հազար դրամի բաժնե­մաս: Կրտսեր Հարությունյանի դրամա­կան միջոցները կազմել են 25 մլն դրամ և 200 հազար դոլար: Որպես եկամուտ հայտարարագրել է իր աշխատավար­ձը՝ ամսական 343 հազար դրամ և մեկ ընկերությունից ստացած 9 մլն 408 հա­զար դրամի չափով շահաբաժինը: ԱԳՆ-ում են աշխատում նաև Հարու­թյունյանի դուստրն ու փեսան՝ իրենց հերթին հասցնելով կուտակել մեծ մի­ջոցներ: Փեսան՝ Արմեն Պապիկյանը, ՀՀ ԱԳ փոխնախարար է, ավելի վաղ ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչն էր. նա էլ հայտարարագրել է 26 հազար եվ­րո և 162 մլն դրամ: Իսկ Խ.Հարությունյանի դուստրը՝ Էլենը, հայտարարագրել է 172 մլն դրամ և 5 հազար եվրո»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել