«ՀՀ պաշտպանության նախարարության կողմից պետության կարիքների համար հայտարարվող գնումների գործընթացում որոշակի փոփոխություններ են տեղի ունենալու: Համենայնդեպս, գործընթացը մեկնարկել է:
 
Բանն այն է, որ ՊՆ-ի հայտարարած մրցույթներին տնտեսվարողները գրեթե անխոչընդոտ կարողանում էին մասնակցել, սակայն, երբ գալիս էր պահանջվող ապրանքի բնութագրին համապատասխան տվյալներ ներկայացնելը, քաոսը սկսվում էր: ՊՆ-ն, օրինակ, եթե ցանկանում էր գնել բժշկական պարագաներ, գնման առարկայի տեխնիկական բնութագիրն այնպես էր կազմում, որ դրան համապատասխան ապրանք կարող է ներկայացնել միայն մեկ կամ լավագույն դեպքում երկու ընկերություն: Տեխնիկական բնութագրում գրում էին նույնիսկ տվյալ ապրանքն արտադրող ընկերության անունը:
 
Վերջերս մենք գրել էինք, որ գնումների բողոքարկման խորհուրդը մերժել է ՊՆ-ի առաջարկը՝ «Լեյկոալեքս» և «Խաչփար» ՍՊԸ-ներին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող անձանց ցուցակում ներառելու առաջարկը: Խնդիրն այն էր, որ ՊՆ-ն «Խաչփար» ընկերության կողմից գնման գործընթացի ժամանակ ներկայացրած ապրանքի տեխնիկական բնութագիրը համարել էր կեղծ, մինչդեռ ընկերությունը գրել էր այն, ինչ կար իրենց առաջարկած ապրանքի բնութագրում: Այդ մրցույթում հաղթող էր ճանաչվել «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և 5 անգամ թանկ ապրանք էր գնվել, քանի որ «Խաչպար» ընկերությունը չէր կարողացել մասնակցել մրցույթին, իսկ վերջիններս առաջարկած ապրանքներն արժեցել էին մոտ 5 միլիոն դրամ: Արդյունքում ՊՆ-ն 15 միլիոն դրամի ավելի էր վճարել: «Լեյկոալեքս» ընկերությունը գնման մեկ այլ գործընթացից էր նույն պատրվակով դուրս մնացել: «Լեյկոալեքս» ընկերության փոխարեն այդ մրցույթում հաղթող է ճանաչվել նույն «Ինտերմեդ» ՍՊԸ-ն և ՊՆ-ին 100 միլիոն դրամի մատակարարում էր արել, մինչդեռ «Լեյկոալեքս»-ը ներկայացրել էր մոտ 35 միլիոն դրամի գնային առաջարկ: Այս դեպքում էլ ՊՆ-ն 65 միլիոն դրամով ավելի թանկ գնում էր կատարել:
 
«Խաչփար» ՍՊԸ-ի տնօրեն Սմբատ Բալասանյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ վերջին մեկ ամսում որոշակի դրական տեղաշարժեր է նկատում ՊՆ-ի կողմից գնման գործընթաց կազմակերպելու հարցում: «Կոնկրետ ֆիրմաներին ուղղորդված տեխնիկական բնութագրեր են գրում, որով սահմանափակում են մրցույթին մասնակցելու հնարավորություն ունեցող այլ մասնակիցներին, խտրական պայմաններ են ստեղծում: Դրական երևույթը, ասեմ ինչում եմ նկատում: Մի քանի օր առաջ զանգահարել էին տարբեր մատակարարների և հրավիրել էին ՊՆ քննարկումների՝ եկող տարվա մրցույթի համար կարաթելերի տեխնիկական բնութագրերի կազմման վերաբերյալ»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ ՊՆ-ում լսել են իրենց կարծիքներն ու առաջարկները:
 
Մեր զրուցակցի խոսքով՝ ՊՆ-ն, երբ գնումների բողոքարկման խորհրդում պարտվել էր, որոշել էր տեխնիկական բնութագրում կոսմետիկ փոփոխություն կատարել: Օրինակ՝ բնութագրի միջից «Ջոնսոն» ապրանքանիշի անունը հանել էին, սակայն տեխնիկական բնութագիրը նույն ձևով թողել էին: «Մենք ասացինք, որ անունը հանելով՝ էությունը թողել եք նույնը: Իրենց խնդրանքով մենք աշխատել ենք իրենց առաջարկների վրա, ներկայացրել ենք մեր կոնկրետ առաջարկները, թե ինչ փոփոխությունների ենթարկել, որ խտրականություն չլինի»,- ասաց Սմբատ Բալասանյանը՝ նշելով, որ մեծ հույս չունի ՊՆ-ի ձեռնարկած գործընթացից, սակայն իրենք չեն կարող առաջարկներ չանել:
 
«ՊՆ-ի իներցիոն բնավորությունը հաշվի առնելով ակնկալիքներս մեծ չեն, բայց հաշվի առնելով, որ վերջին դեպքերը մեծ հնչեղություն են ունեցել մամուլում և մասնագիտական շրջանակներում, կարծում եմ՝ սառույցը շարժվում է: Մենք ուզում ենք, որ եթե կա օրենք, թող ընդհանուր լինի բոլորի համար»,- ընդգծեց Սմբատ Բալասանյանը:
 
Նշենք, որ եթե ՊՆ-ն իսկապես փոփոխություն կատարի տեխնիկական բնութագրերում, այսինքն՝ այն համապատասխանի օրենքի պահանջներին, ապա գնման գործընթացին ավելի շատ մասնակիցներ կարող են մասնակցել, և գնային ամենացածր առաջարկ անողը կհաղթի: Այդ դեպքում հովանավորչությունը կարող է վերանալ:
 
Ավելի վաղ գրել էինք, որ որոշ տեղեկություններով՝ «Ինտերմեդ» ՍՊԸ-ն գտնվում է ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովի ազդեցության տակ: Մամուլի հրապարակումների համաձայն էլ՝ Յուրի Խաչատուրովի հովանավորությամբ, ավելին՝ վերջինիս ընտանիքի բիզնեսը սպասարկող, դե ֆակտո հենց Խաչատուրովին պատկանող հաշվապահական ընկերությունն էլ վերահսկել է ՊՆ բոլոր մատակարարներին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել