168.am-ը գրում է.

Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը դեկտեմբերի 11-ին բանակցություններ կվարի Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ, որոնց ընթացքում մտադիր է քննարկել նաեւ Երուսաղեմի շուրջ ստեղծված իրադրությունը: Այդ մասին հայտնել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Մարգարիտիս Սհինասը:

«Դեկտեմբերի 11-ին նախագահ Յունկերը Բրյուսելում հանդիպում կանցկացնի վարչապետ Նաթանյահուի հետ»,- ասել է նա: Ավելի վաղ Իսրայելի վարչապետի հետ Երուսաղեմի կարգավիճակի հարցում ստեղծված իրադրության եւ ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից այնտեղ տեղափոխելու Միացյալ Նահանգների որոշման շուրջ դեկտեմբերի 11-ին կայանալիք բանակցությունների մասին հայտնել էր եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Մոգերինին դատապարտել է ԱՄՆ-ի այդ որոշումը՝ հայտարարելով, որ այն «մերձավորարեւելյան խաղաղ գործընթացը ետ է շպրտում մթին ժամանակներ»: Դեկտեմբերի 7-ին Նաթանյահուն, ելույթ ունենալով հրեական պետության ԱԳ նախարարությունում թվային դիվանագիտության հարցերին նվիրված խորհրդաժողովում, հայտարարել է, որ Իսրայելը շատ երկրների հետ է շփումներ իրականացնում դեսպանությունները Երուսաղեմ տեղափոխելու կապակցությամբ:

Այս քաղաքի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության հանգուցային խնդիրներից մեկն է: Իսրայելացիները դրա արեւելյան մասը գրավել են 1967 թվականի պատերազմի ընթացքում եւ պնդում են, որ Երուսաղեմն իրենց «միասնական ու անբաժանելի» մայրաքաղաքն է: Մինչդեռ պաղեստինցիները ցանկանում են քաղաքի արեւելյան մասը դարձնել իրենց պետության մայրաքաղաքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել