Դերասանուհի Միլենա Վարդանյանը վերջերս է վերադարձել Իրանից, որտեղ նկարահանվում էր իրանական «Բռնագրավում» գեղարվեստական ֆիլմում: Նկարահանումներն անցել են Երևանում, Գյումրիում, Իջևանում, որից հետո դերասանուհին մեկնել է Իրան: Ռեժիսորն է Մեհրան Ահմադին:

«Սկզբում քրոջս՝ Ելենային էին հաստատել այս ֆիլմի համար, բայց քանի որ Ելենան հղի էր, չէր կարող նկարահանվել: Նա էլ առաջարկել էր ինձ փորձել: Գնացի քասթինգի, մի քանի օր հետո նրանք զանգահարեցին ինձ և կանչեցին արդեն պայմանները քննարկելու: Գլխավոր դերակատարուհու կերպարում եմ. ի դեպ՝ դա միակ կանացի գլխավոր կերպարն է ֆիլմում»,- BlogNews.am-ի հետ զրույցում պատմել է Միլենան:

Միլենան օտարերկրացի կնոջ կերպարում է, ով մեկնում է Իրան, որտեղից էլ սկսվում է ամբողջ ֆիլմի պատմությունը. «Մարմնավորում եմ կնոջ կերպար՝ տարբեր տարիքում. սկզբում երիտասարդ եմ, հետո ավելի տարիքով կին եմ: Արտաքնային փոփոխություններին դեմ չեմ, եթե, իհարկե, գլոբալ չեն: Օրինակ՝ այս ֆիլմում ամբողջ ժամանակ լինզա էի կրում, չնայած բավականին անհարմար էր: Սա ինձ համար հետաքրքիր աշխատանք էր և իմ առաջին գեղարվեստական լուրջ ֆիլմը»:

Դերասանուհին ֆիլմում խոսում է անգլերեն և պարսկերեն. «Ես տիրապետում եմ չորս լեզվի. գուցե դա ինձ օգնեց լեզուն արագ սովորել: Սկզբում, իհարկե, դժվար էր, բայց արագ ադապտացվեցի, ռեժիսորն էլ ասաց, որ խոսելաոճս բավականին լավն է»:

Ի դեպ՝ ստեղծագործական կազմի նախորդ ֆիլմն «Օտարազգի լավագույն ֆիլմ» է ճանաչվել անցյալ տարի Օսկար մրցանակաբաշխության ժամանակ, իսկ այս ֆիլմը ներկայացված է լինելու միջազգային Ֆաջր փառատոնին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել