Tert.am-ը գրում է.
Թեհրանից Հայաստան ժամանած երիտասարդ դերասան Սիսիան Սեփանյանին միանգամից նկատեցին և՛ հայ ռեժիսորները, և՛ հայ հանդիսատեսը: Երիտասարդ դերասանը մինչև 19 տարեկանն ապրել է Թեհրանում, դերասանի մասնագիտությունը ձեռք է բերել այնտեղ՝ ավարտել «7-րդ արվեստ» դերասանական ինստիտուտ-քոլեջը: Այնուհետև տեղափոխվել է Երևան, որտեղ որոշել է ձեռք բերել երկրորդ մասնագիտություն: Tert.am Life-ի հետ զրույցում Սիսիանը պատմեց Թեհրանից Երևան տեղափոխվելու, այստեղ ունեցած դժվարությունների և ապագայի ծրագրերի մասին։
 
- Սիսիան, առաջին մասնագիտությամբ դերասանեք: Ինչո՞ւ ընտրեցիք հենց դերասանիմասնագիտությունը: Ձեր ընտանիքում դերասաններ կա՞ն։
 
- Մեր ընտանիքում և նախնիների մեջ ոչ մի դերասան չի եղել: Ես մանուկ հասակից ներգրավված եմ եղել թատերական խմբերում, ասմունքել եմ: Մոտ 6 տարեկան էի, երբ առաջին անգամ մասնակցեցի ասմունքի մրցույթի և գրավեցի առաջին տեղը: Հայրս շատ լավ ասմունքող է, իրենից ոգեշնչված սկսեցի ասմունքել և մեջս սեր առաջացավ դեպի պոեզիան: Ավելի քան 3 տարի ասմունքի փառատոնների մասնակցելուց հետո իրանահայ ռեժիսորներից մեկն ինձ նկատեց և հրավիրեց իր թատերախումբ: Այստեղից սկսվեց իմ, այսպես ասած, թատերական կյանքը: Առաջին դերս եղել է գլխավոր կերպարը՝ խաղացել եմ «Սուտլիկ որսկանը» ներկայացման մեջ: Սովորելուս տարիներին նկարահանվել եմ ուսանողական գործերում՝ կարճամետրաժ ֆիլմերում: Բազմաթիվ ներկայացումներում եմ ներգրավված եղել: Երբ տեղափոխվեցինք Հայաստան, մեկ տարի ոչ մի տեղ չեմ նկարահանվել: Մի-երկու ներկայացման մեջ եմ խաղացել: Եղել եմ Պետական համալսարանի թատերախմբում: «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման մեջ եմ հանդես եկել, որը «Արտ Ֆեստ» փառատոնում արժանացավ «Լավագույն բեմադրություն» մրցանակին:
 
 
- Ընտանիքո՞վ եք տեղափոխվել Հայաստան: Հայ հասարակությանն ինտեգրվելը հե՞շտ էր:
 
- Այո, ընտանիքով, տեղափոխության խթանը հայրս էր: Նրա մոտ միշտ կար այստեղ ապրելու ցանկություն:
 
Մոտ 5-6 ամիս դժվար էր ինտեգրվել նոր համայնքին, հասարակությանը, որովհետև այստեղ չունեի ընկերներ: Դժվար էր. այն հասարակությունը, ընկերական շրջապատը, որտեղ ես մեծացել էի, այստեղ չկային, բայց, գրեթե կես տարի հետո հաղթահարեցի այդ դժվարությունները: Ես շուտ եմ հարմարվում: Չէի ասի՝ հայ հասարակությանն ինտեգրվելը հեշտ է, դժվար է: Թեհրանում հայրենիքից հեռու ես, և հայրենասիրությունն այլ արժեք է: Այստեղ գալով նոր հասկացա, թե հայրենասիրությունն ինչ է: Դա արտասահմանում հայրենասիրություն քարոզելը չէ: Հայրենասիրությունը դրսում ապրող հայերի վերադարձն է, նրանց գործունեությունը՝ ի նպաստ իրենց երկրի զարգացման, ժողովրդի հոգսերի թեթևացման: Եթե ամեն մեկս մեզ վրա վերցնենք ինչ-որ դժվարություն, ամեն ինչ այլ կերպ կլինի:
 
- Մինչ այստեղ մշտական բնակության տեղափոխվելը՝ Հայաստանում երբևէ եղե՞լ եք:
 
- Արձակուրդներին եմ մի քանի անգամ եկել:
 
- Ինչպես նշեցիք, Ձեզ ոգեշնչողը եղել է Ձեր հայրը: Իսկ ի՞նչ մասնագիտություն ունենծնողներդ:
 
- Թեև ինձ ոգեշնչողը հայրս է եղել, նա շատ էր ուզում, որ այլ մասնագիտություն ունենամ: Բայց երբ տեսավ, որ այս բնագավառում հաջողությունների եմ հասնում, ինքն էլ համոզվեց, որ իրոք ես ասելիք ունեմ այս ոլորտում: Հայրս գրականագետ, լուսանկարիչ է, այս պահին բիզնեսով է զբաղվում, իսկ մայրս տնային տնտեսուհի է:
 
 
- Արևելագիտության ֆակուլտետ եք ընդունվել, սովորում եք 3-րդ կուրսում: Կարելի է ասել,Ձեր երկու մասնագիտություններն անհամատեղելի են: Ինչո՞ւ որոշեցիք որպես երկրորդմասնագիտություն հենց դա ընտրել:
 
- Անհամատեղելի չեն, Սունդուկյանն էլ է եղել դերասան, թուրքագետ: Հայրս էր ցանկանում, որ ես սովորեմ այս բաժնում: Բոլորս գիտենք, որ մեր երկրում դերասանի աշխատանքը ոչ այնքան կայուն  աշխատանք է: Այսինքն՝ հնարավոր է՝ մի քանի տարի բարձունքում լինես, այնուհետև ոչ մի առաջարկ չստանաս, իսկ թատրոնի աշխատավարձով ընտանիք պահել չես կարող: Երբ տեղափոխվեցինք Հայաստան, հայրս խորհուրդ տվեց դիվանագետի կամ նման մի այլ մասնագիտություն ձեռք բերել:
 
- Այսինքն՝ ապագայում կարո՞ղ ենք տեսնել դիվանագետ Սիսիանին:
 
- Այո, չի բացառվում, բայց ես իմ կյանքն առանց թատրոնի, դերասանության չեմ պատկերացնում: Որ բնագավառում լինեմ, միևնույն է, դերասանություն անելու եմ:
 
- Այս պահին, բացի հեռուստասերիալում նկարահանվելուց, որևէ թատերականներկայացման մեջ ներգրավվա՞ծ եք:
 
- Կոնկրետ որևէ թատրոնի խաղացանկային ներկայացման մեջ ներգրավված չեմ, բայց աշխատում եմ երիտասարդ ռեժիսորներից մի քանիսի հետ, հիմա Պետական համալսարանի թատերական խմբի հետ աշխատում ենք Վարդգես Պետրոսյանի «Հայկական էսքիզների» մոտիվներով գրված ներկայացման վրա:
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել