Հունական քաղաքակրթությունն իրենից հետո բազմաթիվ հետքեր է թողել, որոնք հայտնաբերվում են մինչ օրս և ուսումնասիրվում են ամբողջ աշխարհի հնագետների և պատմաբանների կողմից: Ուշադրության արժանի գտածոներ կարելի է հայտնաբերել հունական յուրաքանչյուր վայրում, որը հին է: Քաղաք Պիլոսը, որը գտնվում է երկրի հարավ-արևմուտքում, ևս բացառություն չէ:

Տարածքի ուսումնասիրման ժամանակ հայտնաբերվել է Միկենյան քաղաքակրթության պահպանված դղյակ և այդ ժամանակների բազմաթիվ այլ յուրօրինակ առարկաներ:

Պիլոսի գտածոներից ամենայուրահատուկը քաղաքում բնակություն հաստատած հայտնի մարտիկի գերեզմանն է: Այն վերագրվում է մ.թ.ա. 15-րդ դարին: Դրանում հայտնաբերվել են ոչ միայն բազմաթիվ զարդեր և զենքեր, որոնք, ամենայն հավանականությամբ, պատկանել են մարտիկին, այլ նաև առավել հետաքրքիր ու զարմանալի մի գտածո:

Խոսքը գնում է ագաթ քարի մասին, որն ունի 3,4 սմ լայնություն, և որի վրա երեք մարտիկների պատկերներ կան. նրանցից առաջինը հաղթանակած է, իսկ մյուս երկուսը հուսահատ պայքարում են: Հնարավոր է՝ այն օգտագործել են հագուստը զարդարելու համար կամ էլ ուղղակի պահել են տանը որպես արվեստի թանկարժեք գործ:

Այս գտածոյում զարմանալի է ամեն ինչը՝ մկանային համակարգի աներևակայելի ճշգրիտ պատկերումը, 1 մմ-ից պակաս լայնություն ունեցող փոքրիկ դետալները, գրաֆիկայի բավականին բարձր մակարդակն անգամ մեր օրերի համար:

Ներքևում կարող եք տեսնել պատկերը, որն արվել է պիլոսյան ագաթի՝ ֆոտոմիկրոսկոպով արված ուսումնասիրության ժամանակ․

Ինչպե՞ս կարող էր արհեստավորն այսպիսի իր ստեղծել ավելի քան 3,5 հազարամյակ առաջ: Գծերի բարակությունն ագաթի վրա ուղղակի չի տեղավորվում երևակայության մեջ. դրանք անհնար կլիներ տարբերել անզեն աչքով: Մի՞թե այն ժամանակ հունական քաղաքակրթությունը զարգացած էր այնքան, որ հատուկ սարքեր օգտագործեր, օրինակ՝ խոշորացույց: Արվեստի այսպիսի գործեր հետագայում հայտնվել են միայն 15 դար անց՝ Հռոմեական կայսրության ծաղկման ժամանակահատվածում:

Միկենյան քաղաքակրթության մայրամուտը վրա հասավ այն ժամանակ, երբ ներխուժեցին օտար զավթիչները: Պատահական չէ, որ դրանից հազար տարի անց՝ Դասական ժամանակաշրջանում, ապրող հույները Միկենյան քաղաքակրթությունը լեգենդար ժամանակաշրջան էին համարում: Նրանք պատմում էին զարմանալի տեխնոլոգիաների մասին, որոնք օգտագործվել են նախկինում. պատմում էին սառը և տաք ջուր մատակարարող առանձնացված խողովակների, կոյուղու զարգացված համակարգի մասին: Հնարավոր է՝ հին քաղաքակրթությունն իսկապես գիտատեխնոլոգիական բարձր զարգացման է հասել, ուղղակի մենք դեռևս տեղյակ չենք դրա մասին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել