««Արփա-Սևան» ԲԲԸ սեփականատեր, ՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Հակոբ Հակոբյանը վերջերս հաճախ է փայլատակում մտքի իր գլուխգործոցներով: Հիշում եք` նա հայտարարել էր, թե Հայաստանում աղքատներ չկան, նախօրեին էլ ասել էր, թե թանկացումները աղքատների վրա չի տարածվում, որովհետև գումար չունեն, որ գնեն թանկացած միս, կարագ:
 
Միայն թե այս տրամաբանությամբ շարժվելու դեպքում պետք է նկատենք` գնաճը բավական շատ կարող է տարածվել հենց Հակոբ Հակոբյանի վրա, քանի որ ինքը բավական մեծահարուստ է:
 
«Ժողովուրդ» օրաթերթը նրա պաշտոնական հայտարարագրից պարզեց, որ պատգամավորն ունի 9 հատ հողամաս, երեք հատ անհատական բնակելի տուն, երեք հատ հողին ամրակցված անշարժ գույք:
 
Բացի այս՝ ՀՀԿ-ական պատգամավորը չորս ընկերություններում ունի 29 մլն 668 հազար դրամի և 1500 ռուսական ռուբլու չափով բաժնետոմս: Փոխառությունները կազմել են 120 մլն դրամ:
 
Իսկ դրամական միջոցները անցած տարվա դրությամբ կազմել են 57 մլն 920 հազար դրամ, 15 հազար 150 դոլար և 20 հազար եվրո: Որպես եկամուտ հայտարարագրել է աշխատավարձը, որն ամսական կազմում է 676 հազար դրամ և երկու ընկերությունից ստացած 215 մլն 881 հազար դրամի չափով շահաբաժինը:
 
Այս ամենից հետո զարմանալի չէ, որ գծուծ պատգամավորի համբավ ունեցող օրենսդիրը այդքան անհոգությամբ է խոսում աղքատների մասին»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել