Tert.am-ը գրում է.

Արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի խոսքով՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմի՝ Իսրայելի մայրաքաղաք ճանաչելն աննախադեպ երևույթ էր:

Նա Tert.am-ի հետ զրույցում նկատեց՝ Թրամփի «զիգզագային քաղաքական վարքագիծը» նորություն չէ, այն քաոս է ստեղծում դիվանագիտության մեջ:

«Ես դա անվանում եմ դիվանագիտական քաոս: Չափեր կան դիվանագիտության մեջ, սակայն այս քայլով նա կարմիր գիծն անցնում է»,- ասաց նա՝ նկատելով, որ Երուսաղեմի շուրջ ստեղծված իրավիճակը կապվում է Թրամփի կողմից տարածաշրջանում տարվող քաղաքականության հետ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 6-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես էր եկել հայտարարությամբ՝ Երուսաղեմը ճանաչելով Իսրայելի մայրաքաղաք և հաստատելով ԱՄՆ դեսպանատունն այնտեղ տեղափոխելու ծրագիրը:

Եղածին մեկնաբանություն է տվել նաև ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: 
Նա մասնավորապես նշել է, որ Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար։

«Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմամշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը: Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին»,-ասել է Էդվարդ Նալբանդյանը։

Թրամփի կողմից Երուսաղեմի ճանաչումը որպես Իսրայելի մայրաքաղաք, դիվանագետը շեշտեց՝ լուրջ քայլ է: 

«Դա կարող է զարգանալ, բերել մեծ բախման տարածաշրջանում, մեզ պատերազմական գործողությունների, որովհետև շատ իրարամերժ ուժեր կան այնտեղ, որոնք կգնային նման քայլի, հատկապես նման իրավիճակում»,- ասաց նա:

Այս համատեքստում Արման Նավասարդյանը մատնանշեց Թուրքիայի արձագանքը: Նկատեց, որ ԱՄՆ-ի հետ լարվածության ֆոնին Թուրքիան առիթը կարող է օգտագործել: «Այնտեղ Իրանի հարց կա, նույնիսկ Սաուդյան Արաբիան անմասն չի մնա, չնայած ԱՄՆ-ի դաշնակիցն է: Կստեղծվի մի քաոսային իրավիճակ՝ «սոդոմ- գոմոր», անգամ պատերազմական իրավիճակ»,- ասաց նա:

Արման Նավասարդյանը ԱՄՆ նախագահի որոշումը չկապեց միայն Իրանի հետ հարաբերությունների վատթարացման հետ: 

«Տարածաշրջանում շախմատային տախտակի վրա նոր, մեծ խաղ է սկսվել՝ նոր, մեծ քարերով, նոր պարտիաներ: Ամերիկյան այս նոր քաղաքականությունը կարող է բերել շատ լուրջ հետևանքների աշխարհաքաղաքական առումով․ Ռուսաստանի հետ լարված հարաբերություններն են այստեղ դեր խաղում: Թրամփի վերջին քայլը, կարծում եմ, ուղղված է նաև Պուտինի հայտարարության դեմ, որ նորից մասնակցում է նախագահական ընտրություններին: Բազմաշերտ խաղ է գնում, և լավ կլինի, որ այն զարգացում չունենա»,-ասաց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել