Տվյալների արտահոսք․ ինչու՞ դրանցից չեն օգտվում մեր ԶԼՄ-ները
« Մամուլը հիմնականում անդրադառնում է արտահոսքի փաստին ու եզրափակվում է դրանով»:

Զարմանալի է, բայց հայաստանյան լրագրողների մեծ մասը չի օգտվում տվյալների մեծ շտեմարաններից, որոնք ժամանակ առ ժամանակ հայտնվում են ցանցում։

Խոսքն այսպես կոչված տվյալների արտահոսքերի մասին է։ Այսօր մեզանում ամենահայտնին Wikileaks-ն է, որին մենք հասցրինք մանրամասնորեն ծանոթանալ վերջին երկու տարիների ընթացքում։

Նույն Wikileaks-ի դեպքը շատ խորհրդանշական է։ Տվյալ կայքում տարիներ շարունակ բազմաթիվ փաստաթղթեր էին տեղադրվում, սակայն մամուլը, եւ ոչ միայն Հայաստանում, լավ տեղյակ չէր դրանցից։ Հայաստանյան մամուլում հրապարակումների տարափը սկսվեց միայն այն ժամանակ, երբ հեռագրերը սկսեցին տեղադրվել ռուսերեն թարգմանությամբ «Русский Репортер» կայքում։ Կարելի է ենթադրել, որ մեր լրագրողները անգլերենին տիրապետելու խնդիր ունեն։

Wikileaks-ի այս բաժնում Հայաստանը հիշատակվում է 4,168 անգամ։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ հեռագրերից շատերը անհետաքրքիր են, միեւնույն է, մամուլի հետաքրքրությունն այս թեմայի հանդեպ ավելի պասիվ է եղել, քան հնարավոր էր «քամել» այս տվյալների քանակից։

Գրեթե ուշադրություն չդարձվեց այն փաստը, որ Wikileaks-ում վերջերս տեղադրվեցին «Քիսինջերի հեռագրերը», որոնք ներկայացնում են 1973-1976 թվականների ամերիկյան արտաքին քաղաքականությունը։ Այստեղ Հայաստանը հիշատակվում է 109 անգամ։

Դեռ ոչ բոլոր փաստաթղթերն են թվայնացված, սակայն կարելի է հետաքրքիր նյութեր գտնել, օրինակ՝ Քոչինյանի հեռացման եւ Դեմիրճյանի նշանակման մասին ԱՄՆ-ի դիվանագետների կարծիքի կամ Ցեղասպանության հետ կապված լսումների վերաբերյալ։ Երեւի հնարավոր է դրանցից հետաքրքիր փաստեր քաղել։

Մեկ այլ օրինակ․ Anonymous հաքերային խումբը մի քանի ամսվա ընթացքում երկու հարձակում է կատարել ադրբեջանական պետական համակարգերի վրա։ Որպես հետեւանք՝ ցանցում բաց տեղադրվել էին Ադրբեջանի նախագահին կից գործող հատուկ պաշտպանության ծառայության եւ կապի նախարարության ներքին փաստաթղթերը (ընդհանուր առմամբ 1,7 Gb եւ 1,5 Gb ծավալով)։

Գուցե այստեղ հետաքրքիր տեղեկատվություն չկար, սակայն դա էլ էր տեղեկատվություն, որը պետք էր մատուցել հասարակությանը, բնականաբար, նյութերին մանրամասն ծանոթանալուց հետո։

Մեկ այլ օրինակ, որը վերաբերում է հայ-ադրբեջանական հարաբերություններին։ Հայ հաքերները մի քանի անգամ բավական մեծ քանակով տվյալներ են տեղադրել ցանցում։ Խոսքը Վիքիփեդիայում գործող ադրբեջանական 26 հոգանոց քարոզչական խմբի ներքին նամակագրության, ինչպես նաեւ հակահայկական քարոզչության դաշտում գործող մի շարք ադրբեջանցի լրագրողների էլեկտրոնային փոստերի պարունակության մասին է, որտեղ շատ հետաքրքիր փաստեր կարելի է գտնել Ադրբեջանի քարոզչամեքենայի մասին:

Նմանատիպ տվյալները ենթադրաբար պետք է հետաքրքրեին հայաստանյան լրագրողներին։ Փորձը ցույց է տալիս, որ շատ քիչ անդրադարձներ են լինում բուն նյութերին։ Մամուլը հիմնականում անդրադառնում է արտահոսքի փաստին ու եզրափակվում է դրանով։

Հարկ է նշել, որ International Consortium of Investigative Journalists կազմակերպությունը շարունակում է նյութեր հրապարակել Մեն կղզու օֆշորում գրանցված կազմակերպությունների մասին՝ լույս սփռելով տարբեր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների բավական մութ գործարքների վրա:

Այստեղ արդեն հասցրել է երեւալ Իլհամ Ալիեւը. հնարավոր է, որ լինեն այլ բացահայտումներ, որոնք կհետաքրքրեն հայաստանյան ընթերցողին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել