Tert.am-ը գրում է.

Լեհ լրագրող Տոմաշ Մացեյչուկի խոսքով՝ ռուսական լրտավամիջոցներում մշտապես կարելի է նկատել «ատելության խոսք» մի երկրի կամ ազգի նկատմամբ, որը ցանկանում է երկխոսություն կամ բարեկամություն Եվրոպական միության կամ ԱՄՆ-ի հետ:

Նա Tert.am-ի զրույցում նկատեց՝ ռուսական հոգեբանությունը պարզ է՝ եթե դուք Արևմուտքի հետ եք կամ լսում եք նրանց առաջարկները, ապա իրենց թշնամին եք:

«Եթե դուք չցանկանաք համահունչ լինել ռուսական գծի հետ, ապա նրանք ամեն օր պառակտում կմտցնեն ձեր հարաբերությունների մեջ: Կարծում եմ՝ դրանից սովետական պրոպագանդայի հոտ է գալիս»,- ասաց նա:

Նշենք, որ վերջերս ռուսական Առաջին ալիքի «Վրեմյա պոկաժետ» հաղորդման ժամանակ լեհ լրագրողի՝ Տոմաշ Մացեյչուկի հարցադրումներն են բավական տարածվել և քննարկվել: Նրա հարցին պատասխանելով՝ ռուս լրագրող, հեռուստահաղորդավար Մաքսիմ Շևչենկոն հայերին անվանել էր «Ռուսաս­տանի թշնամիներ», իսկ Ղարաբաղը «ադրբեջանա­կան տարածք»: Լեհ լրագրողն իր հերթին ասել էր, որ Ղարաբաղը հայկական է համարում և մեղադրել էր ՌԴ-ին Ադրբեջանին զենք ծախելու մեջ, որն օգտագործ­վում է Հայաստանի դեմ և որով սպանում են հայերին:

Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռուսական եթերից իր ասածին և դրա հետ կապված քննարկումներին, լեհ լրագրողը նշեց՝ Հայաստանն իր համար դարձել է եվրոպական աշխարհի կարևոր մաս իր՝ Երևան և Ստեփանակերտ այցելելուց հետո:

«Ես չեմ հասկանում, թե Ռուսաստանն ինչու բավարար աջակցություն չի ցուցաբերում իր հարավային դաշնակցին, որն ինքն իրեն պաշտպանում է ադրբեջանական ագրեսիայից: Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, Էրդողանն անում է շատ բան Ալիևին օգնելու համար: Ես չեմ կարող նույն բանն ասել Պուտինի և Ռուսաստանի՝ Հայաստանին աջակցության մասին: Ես իսկապես ցնցվեցի և զզվանք ապրեցի, երբ հաղորդագրություն ստացա, որ Մոսկվան զենք է վաճառում Բաքվին: Դա անհավատալի է: Ես, օրինակ, չեմ կարող պատկերացնել, որ Թուրքիան կվաճառի զենք Հայաստանին՝ հնարավորություն տալով հայկական բանակին՝ ոչնչացնել իր թշնամի Ադրբեջանին»,- նշեց նա:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել