Տոնական սեղանների զարդը և ամենասիրված թխվածքը, հավանաբար, բոլորը կհաստատեն, որ լավ պատրաստված փախլավան է: Այսպես՝ տոներին ընդառաջ ձեզ ենք ցանկանում ներկայացնել փախլավայի բաղադրատոմսը, որը, վստահ ենք, ձեզ պետք կգա:

Խմորի համար անհրաժեշտ է 

  • Շաքարավազ - 1 բաժակ
  • Հալեցրած կարագ - 200գր
  • Ձու - 2 հատ
  • Կաթ - 1 բաժակ
  • Խմորիչ՝ 25 գր
  • Ալյուր - 1կգ

Միջուկի համար

  • Կտրտած ընկույզ - 2 բաժակ
  • Շաքարավազ - 1 բաժակ,
  • Դարչին՝ ըստ ճաշակի

Փախլավայի վրա լցնելու համար

  • Հալեցրած կարագ - 300գր
  • Մեղր՝ 400մլ

Խմորիչը լցնել տաք կաթի մեջ, որի մեջ պետք է նախապես հալեցնել շաքարավազը և թողնել 15 րոպե: Հետո ավելացնել հարած ձվերը, ալյուրը և խմոր պատրաստել: Խմորը 20 րոպե թողնել՝ հանգստանա:

Պետք է ստանալ շերտավոր խմորի նման խմոր: Խմորը բաժանել 4 մասի և գրտնակել, շերտերի վրա կարագ քսել և դնել իրար վրա: Գործողությունը մի քանի անգամ կրկնել: Հետո խմորը բաժանել 4 մասի և գրտնակել: Գրտնակած շերտը դնել նախապես տաքացրած և յուղապատ կաղապարի վրա, միջուկը բաժանել երեք մասի, մի մասը լցնել խմորի վրա, ծածկել հաջորդ շերտով և նորից լցնել միջուկը։ Նույնն անել նաև երրորդ շերտի հետ, վերին շերտի վրա քսել ձվի հարած դեղնուց և դնել ջեռոցը 10-20 րոպե, ցածր ջերմաստիճանով: Հետո հանել ջեռոցից և հենց կաղապարի մեջ փախլավան կտրտել շեղանկյուններով: Փախլավայի կտրտած կտորների վրա լցնել մեղր և դնել ջեռոցը: Այս գործողությունը կատարել 4-5 անգամ 1-1,5 ժամվա ընթացքում: Վերջում վրան լցնել մեղր, թողնել ներծծվի և մի քանի ժամ հետո մատուցել:

Բարի ախորժակ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել