168.am - ը գրում է․

Եվրամիության անդամների թվում Բալթյան երկրներն առաջատարն են դարձել ալկոհոլին բաժին ընկնող սպառողական ծախսերի ցուցանիշով:

Այդ մասին հայտնել է Eurostat-ը: Վիճակագիրների հաշվարկների համաձայն, 2016 թվականին եվրոպացիներն ալկոհոլային խմիչքների վրա ծախսել են գրեթե 130 մլրդ եվրո, ինչը համարժեք է Եվրամիության ՀՆԱ-ի 0,9 տոկոսին: Սպառողական ծախսերի մեջ սպիրտային խմիչքների բաժինը Եվրոպայում միջին հաշվով հասել է 1,6 տոկոսի:

Պարզվել է, որ ամենից շատ ալկոհոլային խմիչքներ են սիրում Մերձբալթիկայում: Վարկանիշի առաջատարը դարձել է Էստոնիան, որտեղ անցյալ տարվա ընթացքում քաղաքացիների սպառողական ծախսերի 5,6 տոկոսը բաժին է ընկել սպիրտային խմիչքներին: Էստոնիային հաջորդում են Լատվիան ու Լիտվան՝ համապատասխանաբար 4,8 տոկոս եւ 4,2 տոկոս ցուցանիշներով:

Լեհաստանը եւ Չեխիան բաժանել են չորրորդ եւ հինգերորդ տեղերը. ոգելից խմիչքների վրա այս երկրների բնակիչների ծախսերի բաժինը հասնում է 3,6 տոկոսի: Եվրոպայում ալկոհոլի վրա ամենաքիչը՝ սպառողական բոլոր ծախսերի 0,9 տոկոսը, ծախսում են իսպանացիները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել