Tert.am-ը գրում է.

Օրերս ՀԱՊԿ-ի կողմից Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ արված հայտարարությունն արտառոց չէ: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը: Նա նշեց, որ տարօրինակ կլիներ, եթե ՀԱՊԿ-ը, որի անդամ է Հայաստանը, ղարաբաղյան հակամարտության կարգավորման միայն մեկ՝ տարածքային ամբողջականության սկզբունքը նշեր որպես կոնֆլիկտի կարգավորման հիմք: Արամ Սարգսյանն ասաց, որ մինչև օրս խոսվում էր այն մասին, որ հակամարտությունը պետք է լուծվի ազգային ինքնորոշման սկզբունքով, բայց Իսլամական պետության գործունեությունից հետո առաջացավ մարդկանց համատեղ ապրելու խնդիրը: Ուստի, ըստ նրա, Հայաստանը պետք է շարժվի «Խաղաղություն փրկության դիմաց» ծրագրով՝ ներկայացնելով, որ չի կարող համատեղ ապրել մի պետության հետ, որը հայատյացություն է քարոզում, հերոսի կոչում է տալիս նրանց, ովքեր գիշերով հայ լինելու համար սպանվում են, կացնահարվում են, շքանշան է տալիս հային գլխատողին:

- Օրերս ՀԱՊԿ-ը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայտարարություն էր հնչեցրել` նշելով նաև ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման մասին: Իշխանությունները մեծ կարևորություն են տալիս այս դիրքորոշմանը՝ նշելով, որ ՀԱՊԿ-ը նախկինում նման հայտարարություն չէր արել: Ի՞նչ կարծիք ունեք այս մասին:

-Տարօրինակ կլիներ, որ ՀԱՊԿ-ը նշեր միայն տարածքային ամբողջականության սկզբունքը, չնշեր ազգերի ինքնորոշման իրավունքը: ՀԱՊԿ-ը կրկնել է Հելսինկյան Ասամբլեայի 3 հիմնական սկզբունքները՝ ուժի կիրառման և ուժի սպառնալիքի բացառումը, տարածքային ամբողջականությունն ու ժողովուրդների ինքնորոշումը: Սա նորություն չէ, որևէ հրաշք այստեղ չկա: Եթե կան մարդիկ, ովքեր մտածում են, որ մենք կարող էինք լինել մի կազմակերպության, տվյալ դեպքում ՀԱՊԿ-ի անդամ, որը կնշեր միայն տարածքային ամբողջականությունը, նրանք հակասում են հենց նրան, որ մենք կարող էինք ՀԱՊԿ անդամ լինել:

- Փաստորեն արտառոց ոչինչ այստեղ չե՞ք տեսնում:

- Իհարկե ոչ: Արտառոց ոչինչ այստեղ չկար: Արտառոց էր այն, որ մենք Եվրամիության հետ ստորագրեցինք համագործակցության մասին համաձայնագիր, ինչին շատ շատերս չէինք հավատում: Արտառոց էր այն, որ այդ համաձայնագրում չարտացոլվեց այն, ինչի համար ջանք էր գործադրում Ադրբեջանը: Ի տարբերություն հետխորհրդային երկրների հակամարտությունների, որոնց համար կոնֆլիկտի միակ տարբերակը տարածքային ամբողջականության սկզբունքն է, Ղարաբաղի պարագայում նշվում են հակամարտության կարգավորման Հելսինկյան 3 սկզբունքները, այդ թվում՝ ազգերի ինքնորոշումը: Սա մեզ ձեռնտու է: Ես կարծում եմ, որ սա Հայաստանի անվտանգության ապահովման համար ավելի լուրջ երաշխիք է, քան՝ ՀԱՊԿ երաշխիքները:

- Ինչո՞ւմ է տարբերությունը:

- ՀԱՊԿ-ը, որպես այդպիսին, բազմաթիվ անգամներ ապացուցել է իր անգործությունը, իսկ Եվրամիությունը այդպիսին չէ։ Եվ շատ կարևոր է, որ Եվրամիությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ մեկ միասնական դիրքորոշում է արտահայտում: Նրանք հստակ տարանջատում են ԼՂ հակամարտության կարգավորման հարցը Ղրիմի, Աբխազիայի, Օսեթիայի հակամարտություններից: Վատն են ՀՀ ԱԺ այն պատգամավորները, ովքեր այս դահլիճում լսեցնում են, որ Վրաստանը կորուստներ է ունեցել, Ուկրաինան կորուստներ է ունեցել: Չի կարելի համեմատել Ղարաբաղը և մնացած հակամարտությունները իրար հետ: Դրանք տարբեր խնդիրներ են, տարբեր իրավիճակներում են առաջացել և չի կարելի համեմատել դրանք, ինչը եկավ ապացուցելու նաև ԵՄ դիրքորոշումը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել