Armsport.am-ը գրում է.

Այսօր կկայանա Չեմպիոնների լիգայի խմբային փուլի եզրափակիչ տուրի 8 հանդիպումներ: Բոլոր խաղերը կմեկնարկեն Երևանի ժամանակով 23:45-ին:

Ամենամեծ հետաքրքրությունն առաջացնում են «Չելսի»-«Աթլետիկո» և «Բավարիա»-ՊՍԺ խաղերը: Անտոնիո Կոնտեի թիմը 10 միավորով գլխավորում է C խումբը, իսկ մադրիդցիները 6 միավորով երրորդ տեղում են: Մադրիդում ավելի ուժեղ էին «ազնվականները» (2:1):

Զուգահեռ խաղում կհանդիպեն «Ռոման» և «Ղարաբաղը»: «Գայլերին» հաղթանակ է անհրաժեշտ հաջորդ փուլի ուղեգիրն անկախ մյուս հանդիպման արդյունքից երաշխավորելու համար:

A խմբում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելու է Մոսկվայի ԲԿՄԱ-ին: Սպասվում է, որ այս խաղում մանչեսթերցիների գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն կրկին խաղալու շանս կտա հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին: Հայ ֆուտբոլիստը վերջին խաղերում չէր հայտնվում թիմի հայտացուցակում: Թիմերի միջև առաջին խաղում Մխիթարյանը դարձել էր գոլի հեղինակ:

Խմբի մյուս խաղում «Բազելը» մեկնել է Լիսաբոն: «Բազելը» վաստակած 9 միավորով բաժանում է 2-3 տեղերը, իսկ պորտուգալական «Բենֆիկան» միավոր չունի:

B խմբում «Բավարիան» «Ալյանց Արենայում» կհյուրընկալի ֆրանսիական ՊՍԺ-ին: Երկու ակումբներն էլ արդեն երաշխավորել են փլեյ-օֆի ուղեգիր, սակայն փարիզցիները գերազանցում են մրցակցին երեք միավորով: Ֆրանսիայի մայրաքաղաքում Գերմանիայի չեմպիոնը պարտվել էր 0:3 հաշվով, և այս անգամ կփորձի ռևանշի հասնել:

Շոտլանդական «Սելթիկը» սեփական հարկի տակ կընդունի միավոր չունեցող «Անդերլեխտին»: Առաջին շրջանի խաղում Բրենդան Ռոջերսի թիմը հաղթե էր 3:0 հաշվով:

D խմբում «Բարսելոնան» ընդունելու է Լիսաբոնի «Սպորտինգին»: «Կապտանռնագույնները» վաստակած 11 միավորով գլխավորում են աղյուսակը, իսկ լիսաբոնցիները 7 միավորով երրորդն են:

Վերջին խաղում «Յուվենտուսն» արտագնա հանդիպում է անցկացնելու Հունաստանում՝ հյուրընկալվելով «Օլիմպիակոսին»: 8 միավորով վաստակած Մասիմիլիանո Ալեգրիի թիմին անհրաժեշտ է հաղթել՝ անկախ «Կամպ Նոուում» կայանալիք խաղի արդյունքից հաջորդ փուլի ուղեգիր նվաճելու համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել