Շաբաթ-կիրակի օրերին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը գտնվում էր Արցախում։ Նախագահ Բակո Սահակյանի հետ նրանք խոսել են անվտանգության հարցերի ու կատարվող աշխատանքների մասին։ ՀԱՊԿ նիստից հետո այս այցն, իհարկե, մտածելու առիթ է տալիս, սակայն ինչ-որ մասով նաև խորհրդանշական է։ Բավականին երկար ժամանակ ղարաբաղա-ադրբեջանական ռազմական գոտում հարաբերական անդորր է, սակայն նույնը չես ասի քաղաքական դաշտում հնչող հայտարարություններին։ ՀԱՊԿ նիստում անդամ պետությունների ղեկավարների պաշտոնական տեսակետ հնչեց, որտեղ ԼՂՀ կարգավորման լուծումն ամրագրվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ներքո։ Սա այն պարագայում, երբ այդ ռազմական միության անդամներից առնվազն երկուսը մեկ անգամ չէ, որ իրենց աջակցությունն են հայտնել Ադրբեջանին այդ հարցում։ Թվում է՝ Հայաստանի դիրքերն այս պարագայում միջազգային ասպարեզում առավել քան ամուր են։ Սակայն ինչպես պատմական փորձն է ցույց տալիս, միջազգային կառույցները սահմանային լարվածությունների ժամանակ առարկայական բնույթ չեն կրում ու թե լինում էլ են, սովորաբար ուղղված են լինում երկու կողմերին և ոչ թե նրան, ով սանձազերծել է էսկալացիան։ Այդպես եղավ նաև Ապրիլյան պատերազմի ժամանակ, հետևաբար այս այցն ավելի շատ հետևյալ միտքն ուներ․ ամեն դեպքում, անկախ ազդարարված հայտարարություններից, պետք է զգոն լինել, որովհետև Ադրբեջանի հռետորաբանության մեջ որևէ բան չի փոխվել։ Նրանք շարունակում են խնդրի լուծումը տեսնել բացառապես իրենց պատկերացրած մոտիվներով, որի մեջ ռազմական լուծումն էական տեղ է զբաղեցնում։ Ալիևը շարունակում է պնդել, որ վաղ թե ուշ Ադրբեջանը վերականգնելու է իր տարածքային ամբողջականությունը, հետևաբար չի բացառվում, որ որոշ ժամանակ հետո նորից ինչ-որ գործողություններ իրականացվեն։ Սա շատ լավ է հասկանում հայկական կողմը, և Սերժ Սարգսյանի՝ Արցախ կատարած քայլը հենց սա է նշանակում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել