Վերջին ժամանակները ՖԲ-ն առավելագույնս գերքաղաքականացվել է։ Երևանի ավագանու ընտրությունների ճակատագիրը կարծես որոշվում է այստեղ։ Ընտրություններին մասնակցող կուսակցությունները թունդ զբաղված են քարոզչությամբ՝ ձեռի հետ վիրավորելով ու մի լավ ցեխաջրելով հակառակորդներին։ 
Մինչդեռ ՖԲ-ում ոչ միայն ոչինչ չի որոշվում, այլև այստեղ ծավալվող քարոզչական արշավը բացարձակապես պարապ զբաղմունք է։ Բավական է կողքից կողմնակի մարդու աչքերով նայել տարբեր կուսակցությունների ներկայացուցիչների գրառումների տակ եղած մեկնաբանություններն ու աչքի անցկացնել հավանողների («լայքողների») ցուցակը, որպեսզի համոզվես, որ աննշան բացառությամբ դրանք մեկնաբանում ու լայքում են հենց նույն այդ քաղաքական ուժերի համակիրները։ Եզակի այլ մեկնաբանությունների հեղինակներն էլ հիմնականում հակառակ «ճամբարներից» են, ովքեր առիթը բաց չեն թողնում իրենց բոստանների ուղղությամբ նետված քարերին նույն ձևով պատասխանելու։
Հարգելի ֆեյսբուքյան ընկերներ և ոչ ընկերներ, խնայեք ձեր ժամանակն ու նյարդերը։ ՖԲ-ն քարոզչական արշավի համար չափազանց անպտուղ տեղ է։ Հայաստանը արաբական աշխարհ չէ։ Այստեղ գերազանցապես ընդգրկված են մարդիկ, ովքեր վաղուց կողմնորոշված են։ Նրանց տեսականորեն ու պրակտիկ հնարավոր չէ գնել ո՛չ 5 հազար և ո՛չ էլ 50 հազար դրամով։ Իսկ ջահել այն տղեկներն ու աղջիկները, ովքեր հազարներով ֆռֆռում են ՖԲ-ում, նրանք միանգամայն այլ գործով են զբաղված՝ իրենց լուսանկարներն են ցուցադրում, երաժշտական կլիպներով կիսվում, զվարճանում ու թքած ունեն բոլոր կուսակցական «առաքյալների» ու նրանց հանճարեղ գրառումների վրա...
ՀՀ այն քաղաքացիները, որոնց վրա կարող են ազդել ձեր քարոզները, թոշակառու պապիկ-տատիկները, տնային տնտեսուհիները, գործազուրկ հազարավորները, նրանք նույնիսկ չգիտեն՝ Ֆեյսբուքն ինչ է, հացից առա՞ջ են ուտում, թե՞ հետո...
Հարգելիներս, խորհուրդ տալը իմ նախասիրած զբաղմունքը չէ, բայց ուզում եմ անկեղծորեն ասել, որ ավելորդ խաղում եք ձեր նյարդերի հետ, իզուր տեղը ստվարացնում ձեր թշնամիների թիվը։ Այն դեպքում, երբ բոլորիդ թշնամին միանգամայն այլ կողմում է...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել