operative.am -ը գրում է․

2013թ. հուլիսի 30-ին Լեռնային Ղարաբաղի հենակետերից մեկում մահացած ժամկետային զինծառայող Արման Մուրադյանի մայրը` Հերիքնազ Գասպարյանը, 4 տարի է, ինչ պայքարում է որդու մահվան իրական հանգամանքները պարզելու համար, սակայն ապարդյուն: Նշենք, որ զինծառայողի մահվան պաշտոնական վարկածը ինքնասպանությունն է, որին ծնողները չեն հավատում:

«Անպայման շարունակելու եմ բողոքեմ, որ արդարության հասնեմ: Ամեն տեղ բողոքել եմ` Պաշտպանության նախարարություն, նախագահի նստավայրի մոտ, բոլոր ատյաններին դիմել եմ, ճիշտ է, որեւէ նորմալ պատասխան չեմ ստացել, բայց չեմ հուսահատվելու, մի օր երեւի արդարությունը կհաղթի: Ես իմ երեխու դեպքը պիտի բացահայտեմ, ինչի համար է իմ 20 ամսվա ծառայող զինվոր բալեն սպանվել»,- ասաց տիկին Հերիքնազը:

Նա նշեց, որ հանդիպել են նաեւ Պնախարևարի եւ նրա տեղակալի` Արտակ Զաքարյանի հետ, որոնք ոչ մի սպառիչ պատասխան չեն տվել, միայն ասել են, որ նորություն ունենան կզանգահարեն:

Մահացած զինծառայողի մոր խոսքով` իր տղայի ինքնասպանությանը ոչ մի ականատես չի եղել, նույնիսկ տեղը չի նշվում, որտեղ է դեպքը եղել, իսկ զենքը, որով իբր թե տեղի է ունեցել ինքնասպանությունը` իր տղային չի պատկանել. «Լիքը տարակարծություններ, հակասություններ կան, որ քննիչի ասածների հետ ընդհանրապես չի համապատասխանում»:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ 20-ամյա Արման Մուրադյանի մահվան փաստով մեղադրանք է առաջադրվել գումարտակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, մայոր, 41-ամյա Էմիլ Զավենի Ավետիսյանին: Նրա դեմ մեղադրանք է առաջադրվել է 358.1. պրիմ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով` ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը, որը կատարվել է 2 կամ ավելի անձանց նկատմամբ, 358 պրիմ հոդվածի 2-րդ մասով` զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասին ծեծելը կամ նրա նկատմամբ բռնություն գործադրելը, եւ 375 հոդվածի 1-ին մասով` իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը: Էմիլ Ավետիսյանը 6 տարվա ազատազրկման է դատապարտվել, սակայն 2 տարի անց պատիժը կրելուց հետո համաներմամբ ազատ է արձակվել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել