Tert.am-ը գրում է.

 ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարևոր քայլ է համարում: Սակայն նա Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԵՄ-ի հետ հարաբերություններ խորացնելու գործընթացը 4 տարի ուշացել  է:

«Այս որոշմանը կարող էին ավելի շուտ հասնել, սակայն լավ է ուշ, քան երբեք, քանի որ սա երբեքից ավելի լավ է: Լավ է, որովհետև աշխարհի շատ երկրներ մեզ համարում էին ՌԴ-ի կցորդ, իսկ ռուսներն իրենց բառով էին ասում՝ «куда они денутся»: Բազմիցս իրենց հեռուստաընկերություններով ասվել է այս միտքը, նույնիսկ իրենց բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Այս փաստաթղթի ստորագրումն ունի հոգեբանական ազդեցություն, ինչպես նաև քաղաքական առումով բարձրացնում է ՀՀ-ի վարկանիշը` որպես պետության: Այսինքն՝ ռուսները սկսում են մտածել, թե` բա որ գնան, այսինքն՝ մենք ինքնուրույնության փոքրիկ քայլ գրանցեցինք: Ավելին, եթե մենք հիմա մտնենք այլ պետություններ, կտեսնենք, որ վերաբերմունքը մեր՝ իմ, ձեր, նկատմամբ փոխվել է: Անկեղծ ասած` չէի սպասում, որ մեր արտգործնախարարությունը, որը իմ համար միշտ եղել է ռուսական արտգործնախարարության կցորդ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը նման աշխատանք կարող է տանել, ապրեն նրանք»,- ասաց նա:

Արամ Սարգսյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրում կարևորեց նաև անվտանգության բաղադրիչը, քանի որ ՀԱՊԿ-ը վստահելի բաղադրիչ չի համարում և շեշտում է, որ իր համոզմունքն ապացուցվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ: Նա կարևորեց ՀՀ-ԵՄ համաձայնագրում ԼՂՀ կոնֆլիկտին արված անդրադարձը:

«ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրում հստակ գրված է, որ Հելսինկյան 3 սկզբունքների հիման վրա է խնդիրը լուծվելու, իսկ դա ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքն է: Եթե մենք նայեք, ապա նախկին սովետական հանրապետություն գործող բոլոր խնդիրները լուծվել են միայն տարածքային ամբողջականության սկզբունքով՝ Ղրիմի, Աբխազիայի Օսեթիայի, Մոլդովայի պարագայում, միայն ԼՂՀ պարագայում է, որ մոտեցման մեջ դրվեց նաև ազգերի ինքնորոշումը, ուժի չկիրառումը: Որքան էլ Ադրբեջանն ու ՌԴ-ն աշխատում էին այս ուղղության վրա, չեղարկել էին ցանկանում, միևնույն է, իրենց ցանկությանը չհասան, այստեղ էլ ապրեն նրանք, ովքեր հասան սրան»,- ընդգծեց  Արամ Սարգսյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել