Բերանի խոռոչի հիգիենան ու ատամների առողջությունը շատ կարևոր են, սակայն անգամ այս հարցում կան բազմաթիվ միֆեր, որոնց մարդիկ հավատում են և որոնք, սակայն, կարող են վտանգավոր լինել առողջության համար: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:

1.      Շաքարն ատամների գլխավոր թշնամին է

Իրականում կարիեսի առաջացման պատճառը բակտերիաներն են, որոնք թթուներ են արտադրում, իսկ այդ բակտերիաների համար սնունդ են հանդիսանում ատամների վրա կուտակված ածխաջրերը: Շաքարը, բնականաբար, ածխաջուր է, սակայն այն միակը չէ, ուստի կարիեսի առաջացմանը կարող է նպաստել նաև ածխաջրերով հարուստ այլ սննդամթերքը:

2.      Հղի կանանց չի կարելի բուժել ատամները

Հղի կանայք անհանգստանում են, որ ցավազրկող դեղամիջոցները կարող են բացասաբար ազդել պտղի առողջության վրա, սակայն իրականում անհանգստանալու կարիք չկա, քանի որ տեղային ցավազրկող միջոցներն անվտանգ են և չեն կարող  նման խնդիրներ առաջացնել: Հարկ է հիշել, որ եթե հղի կնոջ բերանի խոռոչում կան բորբոքումներ, ապա դրանք հարկավոր է անհապաղ բուժել, սակայն անհրաժեշտ է նախապես տեղեկացնել բժշկին հղիության մասին:

3.      Կաթնատամները կարելի է չբուժել

Կաթնատամների էմալն ավելի բարակ է, ուստի դրանց պաշտպանությունն ավելի թույլ է: Կաթնատամի կարիեսը չբուժելու դեպքում կարող է առաջանալ թարախային բորբոքում, ինչն էլ կարող է վնասել մնայուն ատամը:

4.      Ատամները լավ մաքրելու համար հարկավոր է կոշտ խոզանակ օգտագործել

Իրականում կարելի է օգտագործել նաև ավելի նուրբ խոզանակ: Որոշ մասնագետներ անգամ նշում են, որ ցանկալի է օգտագործել նուրբ խոզանակ՝ լնդերի ու էմալի վնասումից խուսափելու համար: Ընդհանուր առմամբ՝ պարզապես հարկավոր է հետևել հիգիենայի ամենապարզ կանոններին՝ լվանալ ատամներն օրական երկու անգամ և փոխել խոզանակը 3-4 ամիսը մեկ:

5.      Եթե ատամների խնդիրները չեն անհանգստացնում, ապա կարելի է բուժզննում չանցնել

Իրականում հարկավոր է տարեկան երկու անգամ ատամնաբույժի մոտ բուժզննում անցնել՝ անգամ, եթե ոչ մի խնդիր չկա: Պրոֆիլակտիկ բուժզննումն ու մաքրումը կօգնեն կանխել առկա խնդիրների հետագա զարգացումն ու նոր խնդիրների առաջացումը:

6.      Որքան հաճախ մարդը լվանա ատամները, այնքան առողջ կլինեն դրանք

Ատամները հաճախ լվանալու դեպքում էմալը մաշվում ու բարակում է և առաջանում են տարբեր հիվանդություններ: Մասնագետները խորհուրդ են տալիս լվանալ ատամներն օրական երկու անգամ, իսկ օրվա ընթացքում պարբերաբար մաքրել բերանի խոռոչը հատուկ ողողման համար նախատեսված լուծույթների միջոցով:

7.      Իմաստության ատամները հարկավոր է հեռացնել

Եթե իմաստության ատամներն ամբողջությամբ ծթկել են, առողջ են և չկա դրանց հետ կապված որևէ խնդիր, ապա դրանք հեռացնելու անհրաժեշտություն չկա:

8.      Ատամները հարկավոր է մաքրել նախաճաշելուց հետո

Սա շատ տարածված պնդում է, որին երբեմն հետևում են անգամ ատամնաբույժները: Սակայն միևնույն է մասնագետների մեծ մասը խորհուրդ է տալիս մաքրել ատամները մինչ սննդի ընդունում: Բանն այն է, որ քնի ժամանակ ավելի քիչ քանակությամբ թուք է արտադրվում, ինչի հետևանքով ատամների վրա և բերանի խոռոչում կուտակվում է ոչ միայն ատամնափառ, այլև բազմաթիվ վտանգավոր բակտերիաներ: Այսպիսով՝ եթե մարդը չի մաքրում ատամներն ու բերանի խոռոչը մինչ սնվելը, ապա այդ բակտերիաները հայտնվում են ստամոքսում՝ հետագայում դառնալով տարբեր առողջական խնդիրների առաջացման պատճառ:

9.      Ատամի ցավը վկայում է կարիեսի մասին

Ոչ միշտ է ցավը պայմանավորված լինում կարիեսով: Գոյություն ունեն ատամի ցավի մի շարք այլ պատճառներ, որոնց շարքին կարող են դասվել ատամների զգայունությունը, լնդի բորբոքումը և այլն: Բացի այդ, ատամի ցավը կարող է ընդհանրապես կապ չունենալ բերանի խոռոչի հետ, այլ պայմանավորված լինել սինուսիտով, ուստի հարկավոր է անպայման դիմել մասնագետին և չզբաղվել ինքնաբուժությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել