Ռուսական Առաջին ալիքի եթերում Հայաստանին Ռուսաստանի թշնամի անվանելու Մաքսիմ Շևչենկոյի արտահայտությունը հանրային լայն ռեզոնանս ստացավ հատկապես Հայաստանում ու Ռուսաստանի հայ համայնքում։ Այնքան, որ երեկ Շևչենկոն իր յութուբյան էջում ստիպված էր հատուկ անդրադարձ կատարել այդ թեմային՝ նշելով, որ ինքը նկատի չի ունեցել ամբողջ ժողովրդին ու չունի այդ իրավունքը, իր խոսքը վերաբերում է նրանց, ովքեր Եվրոպայի ջատագովն են։ Հայաստանում այդպիսի մարդիկ քիչ չեն, իսկ եթե Շևչենկոն ելնում է այն հանգամանքից, որ ինքը նկատի չունի ամբողջ ժողովրդին, պետք է հասկանա, որ այն մարդիկ, ովքեր Հայաստանը տեսնում են Եվրամիության հետ սերտ հարաբերությունների կոնտեքստում, նրանք նույնպես հանրության ու ժողովրդի մի մասն են։ Եվրոպան, առանձին վերցրած, առանձին պետությունն է, ու թշնամի համարել Եվրոպային նշանակում է թշնամի համարել այդ երկրներում ապրող ժողովուրդներին։ Իսկ ինչ մնում է մեր մասով՝ Շևչենկոյի գաղափարներն ու համակրանքը հայտնի են առ Ադրբեջան։ Առհասարակ, այս հրապարակախոսը միշտ էլ աչքի է ընկել Ռուսաստանում մուսուլման բնակչության շահերը սպասարկելու բացահայտ կողմնորոշմամբ։ Քավ լիցի, դրա մեջ վատ բան չկա, սակայն հարցն այն է, որ այս ելույթում նա մասնակիորեն ներղություն է խնդրում հայերից ու հատկապես այն հայերից, ում հետ ինքն ունի առնչություն թե՛ մասնագիտական, թե՛ անձնական կապերի միջոցով։ Եթե ասել ես, ուրեմն՝ բարի եղիր ասածդ մինչև վերջ առաջ տանել, իսկ եթե ներողություն ես խնդրում, նշանակում է՝ ընդունում ես, որ ինչ-որ չափով սադրանքի ես տրվել։ Եվ դա ակնհայտ տեղի է ունեցել արդեն Ռուսաստանում հայ շրջանակների վրդովմունքի պարագայում, նրանց դրդմամբ, ինչն, իհարկե, շատ լավ է՝ հաշվի առնելով, որ վերջին ժամանակներս Ռուսաստանում ակնհայտ հակահայկական քարոզչության կոնկրետ դեպքեր են տեղի ունենում, ու դեռ հայտնի չէ՝ դա ինչքան է շարունակվելու։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել