«Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղափոխվում է նոր շենք: Այժմ նա­խարարությունում իրերն են հավաքում: Բայց նոր շենք կտեղափոխվի ոչ ամբողջ անձնակազմը՝ որոշ ՊՈԱԿ-ներ և բաժին­ներ կմնան հին շենքում, քանի որ նորում այդքան տեղ չկա: Նոր շենքը կառավարու­թյան սպիտակ նորակառույցում է՝ ԱԳՆ-ի, արդարադատության նախարարությանը հարևան մասնաշենքերից մեկում, որը կա­ռուցվել է հենց այս նախարարության համար՝ դատախազության հարևանությամբ: Նշենք, որ նորակառույց այս համալիրում, բացի ԱԳՆ-ից և արդարադատության նա­խարարությունից, տեղակայված են նաև Սփյուռքի, Մշակույթի, Կրթության և գիտու­թյան նախարարությունները: Ի տարբերու­թյուն այս երեքի՝ տրանսպորտի նախարարության շենքի համար հատկացվել է մի ամբողջ մասնաշենք՝ վեց հարկով, որն էլի փոքր է: Այս նախարարության սենյակներն էլ են իրենց մակերեսով փոքր, ու աշխա­տակիցների համար նեղվածք կլինի: Բայց պլյուսներ էլ կան՝ կենտրոնացված ջե­ռուցում, ինչը չկար հին շենքում, ընդարձակ նիստերի դահլիճ, օժանդակ հարմարու­թյուններ, նոր ու լուսավոր շենք: Մինչդեռ հին շենքում սովետական դարաշրջանն էր՝ հին գույքով, մութ ու ցուրտ միջանցքներով, կիսախարխուլ պատերով: Ինչ է սպասվում նախարարության հին շենքին: Մենք քա­նիցս գրել ենք, որ այս շենքը, որտեղ տեղա­կայված են նաև «Հայփոստն» ու «Ռոստելեկոմը», ինչքան ժամանակ է՝ հանված է աճուրդի: Այն որոշել են օտարել՝ հույսով, որ ներդրող կգտնվի, և շենքը կօգտա­գործվի բիզնես նպատակներով: Բայց գնորդ չի գտնվում: Վերջին աճուրդը նա­խորդ շաբաթ էր հայտարարված, սակայն չի կայացել՝ գնորդ չլինելու պատճառով: Դեկտեմբերի կեսերին կլինի հերթական աճուրդը: Շենքի մեկնարկային գինը 27.5 մլն. դոլար է՝ 13.2 միլիարդ դրամ: Այս աճուրդը, ի դեպ, անցկացվում է այլ սկզ­բունքով՝ ամեն չկայացած աճուրդից հետո գինը 20 տոկոսով չի իջնում, պահպանվում է: Թե ինչ են անելու նախարարության այն ստորաբաժանումները, որոնք մնում են հին շենքում, երբ շենքը վաճառվի, սա ևս անհայտ է: Հայտնի է միայն այն, որ նոր շենքի կառուցման ժամանակ տրանսպոր­տի նախարարության ծավալները հաշվի չեն առնվել»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել