Tert.am-ը գրում է.

ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկման դրվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը պետական արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» նախագիծը, որի հիմնական զեկուցողն էր պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանը: 

Փոխնախարարը ներկայացրեց, որ նախատեսվող 100 մլն վարկով համալրվելու է ՀՀ զինված ուժերը: Նրա խոսքով՝ ՌԴ-ն ՀՀ-ին այս վարկը տալիս է արտոնյալ պայմաններով, ավելին, ըստ նրա՝ ձեռք բերվելիք ռազմական տեխնիկան ՌԴ ներքին գներով է հաշվարկված: 

«Վարկը 2-3 տոկոսով, պետք է մարենք 15 տարում, տարեկան երկու անգամ մարման ժամկետով: Այս վարկով զենք ձեռք բերելու երեք պայմանագիր արդեն նախաստորագրված է, երեքի գումարը միասին գերազանցում է 100 մլն վարկի շրջանակը: Այսինքն՝ ՀՀ-ն իր մասնակցությունը կունենա»,- ասաց Արտակ Զաքարյանը:

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյան էլ, դիմելով նախագծի հիմնական զեկուցողին, հետաքրքրվեց.«ՌԴ-ն կխոչընդոտե՞ր, եթե այս պայմանագրով այլ պետություններից զենք գնեինք: Այս վարկային պայմաններն այպիսին են, որ իմաստ էլ չունի մտածել այլ երկրից զենք ձեռք բերելու մասին»,- հարցրեց Միքայելյանը:

Վերջինս շեշտեց, որ ՌԴ-ի կողմից խոչընդոտներ չեն լինում այլ պետություններից զենք ձեռք բերելու հարցում: Թեպետ ՌԴ-ի հետ արդեն 3 նախաստորագրված պայմանագրերով սահմանված զինտեխնիկայի ցանկը գաղտնի է, միևնույն է, Արտակ Զաքարյանը հավաստիացրեց` այնպիսի զինտեխնիկա է լինելու, որը հնարավորություն կտա ՀՕՊ համակարգերը համալրել, առաջնագիծն ավելի ամրապնդել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել