Երկրորդ համաշխարհային պատերազմից օրեր առաջ՝ 1939թ. օգոստոսի 23-ին, Մոսկվայում ԽՍՀՄ և Գերմանիայի միջև պայմանագիր կնքվեց, որը պատմության մեջ հայտնի է որպես «Մոլոտով-Ռիբենտրոպ պակտ»: Համաձայն այդ պայմանագրի գաղտնի մասի՝ ԽՍՀՄ-ը և Գերմանիան իրենց միջև ազդեցության գոտիների բաժանում պետք է իրականացնեին. ԽՍՀՄ-ը չէր խանգարելու Գերմանիային հարձակվել Լեհաստանի վրա, իսկ ԽՍՀՄ ազդեցության տակ էին հայտնվելու Բեսարաբիան, Մերձբալթյան երկրները և Ֆինլանդիան: Այս պայմանագրով Գերմանիան և ԽՍՀՄ-ը դառնում էին ռազմավարական դաշնակիցներ:

Դեռ սեպտեմբերին, երբ բանակցությունները չէին սկսվել, Մոսկվան սկսեց ֆիննական սահմանի վրա զորամիավորումներ կենտրոնացնել: Արդեն նոյեմբերի 3-ին, երբ Կրեմլի համար պարզ էր, որ ցանկալի արդյունքներ չեն գրանցվելու, Լենինգրադի զինվորական օկրուգը և Բալթյան նավատորմը բերվեցին առաջին աստիճանի մարտական պատրաստության: Արդեն նոյեմբերի կեսին որոշվեց պատերազմի սկսման օրը՝ նոյեմբերի 30-ը: Չնայած ակտիվ նախապատրաստությանը՝ բոլշևիկյան պրոպագանդան հակառակն էր քարոզում: Պատերազմից մեկ օր առաջ արտգործնախարար Մոլոտովը հայտարարեց, որ Կրեմլը հարգում է Ֆինլանդիայի ինքնիշխանությունը:

Զուգահեռաբար, սահմանին զանազան միջադեպեր էին տեղի ունենում: 1939 թվականի նոյեմբերի 26-ին սովետեկան Գենշտաբը հայտարարություն տարածեց այն մասին, որ ֆինները սահմանի վրա՝ Մայնիլա գյուղի մոտ, ռուս զինվորականների ուղղությամբ կրակ են բացել, որի հետևանքով 4 զինվոր է զոհվել: Դրանից հետո ԽՍՀՄ-ը բողոքի նոտա հղեց ֆիննական կառավարությանը՝ առաջարկելով Կորելյան տարածքում զորքերը 20-25 կմ-ով հետ քաշել: Իրականում, ֆինները նույնիսկ չէին նախատեսել հարձակվել ռուս զինվորների վրա: Սեփական տարածքների գնդակոծումը կազմակերպվել էր հենց ռուսական կողմից, որը հետագայում հաստատվեց՝ ԽՍՀՄ փլուզումից հետո:

Պատմաբանները նշում են, որ այդ սադրանքը կազմակերպել էր Խորհրդային «Գաղտնի ոստիկանությունը»: Սադրանքն արդեն արված էր, իսկ պատերազմի առիթը՝ պատրաստ:

1939թ. նոյեմբերի 30-ին առավոտյան Հելսինկիի երկնքում հայտնվեցին Խորհրդային ինքնաթիռները, և սկսվեց Հելսինկիի ռմբակոծումը: Ռմբակոծության արդյունքում բազմաթիվ ավիրվածություններ և խաղաղ բնակչության շրջանում տասնյակ զոհեր գրանցվեցին: Նույն իրավիճակը տիրում էր նաև այլ խոշոր քաղաքներում: Օդային հարվածին զուգահեռ՝ սահմանի ողջ երկայնքով գնդակոծություններ սկսվեցին, իսկ ռուսական նավատորմն առաջին իսկ օրը գրավեց Բալթիկ ծովում գտնվող կարևոր նշանակություն ունեցող կղզիները:

Սկսված պատերազմը կոնսոլիդացրեց հասարակությանը: Վերացվեցին գաղափարական բոլոր տարաձայնությունները: Նույնիսկ ձախակողմյան քաղաքական ուժերը համատեղ հայտարարություն տարածեցին այն մասին, որ ֆին բանվոր-աշխատավորական դասակարգը պատրաստ է զենքը ձեռքին կռվել օկուպանտների դեմ:

Զենք վերցրեցին նույնիսկ այն կոմունիստները, ովքեր 1918թ. Կրեմլի օգնությամբ փորձել էին երկրում զինված ապստամբություն բարձրացնել: Պատերազմը սկսելուն պես իր ողջ թափով գործի դրվեց բոլշևիկյան լկտի քարոզչամեքենան:

Քարոզչական աղբյուրներում նշվում էր, որ Ֆինլանդիան հարձակվել է ԽՍՀՄ վրա և իրանք պարտավոր են իմպերիալիստներից ազատագրել ֆիննական աշխատավորական զանգվածը:

Քարոզչական մառազմն այն աստիճանի էր հասել, որ Մոլոտովը նշում էր, թե ռմբակոծություններ բնավ տեղի չեն ունենում, իսկ ինքնաթիռները պարենամթերք են նետում սովամահ եղող ֆինների համար: 1939թ. դեկտեմբերի 1-ին Տերիոքեյում Կրեմլի դրածո Օտտո Կուսինենի գլխավորությամբ ստեղծվեց «ժողովրդական կառավարություն»: Պատմաբանները նշում են, որ ռուսական արտգործնախարարության արխիվում առկա են ֆիննական քաղաքական էլիտայի ոչնչացման նախագծի մասին փաստաթղթեր:

Նմանատիպ մարտավարությունը, ինչպես նշված էր այդ նախագծում, օգտագործվեց Մերձբալթյան երկրների պարագայում: Արդեն դեկտեմբերի 2-ին Կուսինենի կառավարության և ԽՍՀՄ միջև պայմանագիր ստորագրվեց, որով բավարարվում էին Կրեմլի բոլոր տարածքային պահանջները: Կուսինենն իր ուղերձում նշեց, որ ԽՍՀՄ զորքն ազատարար զորք է և նրան սպասում են Ֆինլանդիայում: Ֆին ժողովուրդը, սակայն, բնականաբար դեմ դուրս եկավ դրան: Մարդիկ հասկանում էին, որ Կրեմլը նպատակ ունի մարիոնետ կառավարություն ձևավորել Ֆինլանդիայում և վերացնել անկախությունը: Այս մարտավարությունը Կրեմլը կիրառել էր դեռևս 1920-ական թվականներին՝ Կովկասը խորհրդայնացնելու ժամանակ: Ֆինլանդիայի դեմ պատերազմը հարուցեց միջազգային հանրության դժգոհությունը: 1939թ. դեկտեմբերի 14-ին ԽՍՀՄ-ը վռնդվեց Ազգերի Լիգայից:

ԽՍՀՄ ղեկավարությունը ցանկանում էր արագորեն ավարտել պատերազմը:

Զորամիավորումներին երեք շաբաթ ժամանակ էր տրված: Դեկտեմբերի 21-ին՝ Ստալինի ծննդյան օրը, նրանք պետք է մտնեին Հելսինկի: ԽՍՀՄ կողմից պատերազմական գործողություններին մասնակցում էր 500 հազար մարդ: Նրանց օգնության էր հասել Բալթիկ ծովի նավատորմը: Նրանք իրենց տրամադրության տակ ունեին 2000 տանկ և 2500 ինքնաթիռ: Ֆիններն ունեին 260 հազար մարդ և մի քանի տասնյակ ինքնաթիռ և տանկ: ԽՍՀՄ զորքերի հարվածի գլխավոր թիրախը Կորելյան տարածքն էր: Նպատակը «Մաներգեյմի գիծը» ճեղքելն էր և դեպի Հելսինկի ազատ ճանապարհ ունենալը: Բացի այդ, հարձակում էր իրականացվում նաև հյուսիսից, որպեսզի ֆինները հնարավորություն չունենաին դուրս գալ Բարենցի ծով:

Ամենադաժան մարտերն ընթացան Կորելյան տարածքում: Բազմաթիվ կորուստների գնով միայն դեկտեմբերի 13-ին սովետական զորքը կարողացավ հասնել «Մաներգեյմի գծին»: Ժամանակակիցները նշում են, որ ամենադաժան կռիվները տեղի են ունեցել Վիբուրգյան սառույցների վրա: Կարմիր բանակը հսկայական կորուստներ կրեց: Դեկտեմբերյան մարտերի ժամանակ Կարմիր բանակը կորցրեց անձնակազմի մոտ 40%-ը: Չնայած այդ սարսափելի կորուստներին՝ նրանք իրենց հարվածի գլխավոր ուղղությունում կարողացան ընդամենը մի քանի տասնյակ կիլոմետրով առաջ գնալ:

Խորհրդային օկուպանտների համար ամենադաժանը Սուլմուսամիի մարտերն էին: Այդ երկրամասը գտնվում է Ֆինլանդիայի հյուսիսում և ձմռանն այստեղ ջերմաստիճանը հասնում է մինչև -30 աստիճան: Խորհրդային հարձակման գլխավոր թիրախն Օրլու նավահանգիստն էր, քանի որ այդտեղից ֆինները ստանում էին պատերազմի համար անհրաժեշտ պարագաների զգալի մասը: Դեկտեմբերի 16-ին Խորհրդային 6-րդ բանակը սկսեց նավահանգստի ուղղությամբ գրոհը: Ֆինները պարտիզանական պայքարի մեթոդը կիրառեցին: Նրանք փոքր խմբերով սպիտակ հագուստով և դահուկներով սահելով անսպասելիորեն գրոհեցին սովետական շարասյունները: Նրանց օգնեց այն, որ նրանք լավ ծանոթ էին իրենց անտառներին, սովոր էին դաժան ցրտին և գիտեին ինչպես տաքանալ: Այդ ամենի հետևանքով Խորհրդային 9-րդ բանակը հայտնվեց շրջափակման մեջ: Նրան օգնության հասած 44-րդ դիվիզիան նույն ճակատագրին արժանացավ: Սուլմուսամիում Սովետական օկուպանտներն իսկական աղետի ենթարկվեցին: Շրջափակման մեջ հայտնված 9-րդ բանակին ֆինները մեկ ամսվա ընթացքում ոչնչացրեցին: Սպանվածների թիվը գերազանցեց 20 հազարը:

1940թ. հունվարին Կրեմլը լուրջ նախապատրաստություն սկսեց «Մաներգեյմի գիծը» ճեղքելու համար: Ռազմաճակատ ուղարկվեց Կարմիր բանակի ամբողջ ավիացիան և հրետանին: Յոթերորդ Կարմիր բանակին օգնություն հասավ 13-րդ Կարմիր բանակը, ինչպես նաև 8-րդ բանակը համալրում ստացավ: Այսինքն, մոտավորապես 1 միլիոն զինվոր սպասում էր Կորելյան տարածքում գործողություն սկսելու հրամանին:

Սովետական զորքերում ստեղծվեցին սեփական «լեռնադահուկային» դիվիզիաներ, ինչպես նաև գործունեության մեջ մտավ հայտնի «100 գրամը», որը բաժանվում էր զինվորներին գրոհից առաջ:

Փետրվարի 1-ին սկսվեց «Մաներգեյմի գծի» գնդակոծումը: Ֆիննական դիրքերը ռմբակոծվում էին նաև օդից: Տասն օր տևած ռմբակոծության ժամանակ յուրաքանչյուր օր շուրջ 12 հազար արկ էր կրակվում դեպի ֆիննական դիրքեր: Փետրվարի 11-ին սկսվեց հետևակային գրոհը, սակայն կրկին անհաջող: Սովետական կողմը հետևակային ուժերին օգնելու համար սկսեց ծանր զրահատեխնիկա օգտագործել:

Ֆիննական կողմը պատերազմի ժամանակ «Վիքերս» բրիտանական տանկեր էր օգտագործում, որից ընդամենը 28 հատ ուներ: Ի տարբերություն վերջիններիս՝ ԽՍՀՄ կողմն օգտագործել էր հազարավոր Տ-26 տեսակի տանկեր: Չնայած ահռելի առավելությանը՝ ֆինները կորցրեցին ընդամենը 8 տանկ, իսկ սովետական կողմը՝ 2300 տանկ: Ֆինները սովետական տանկերի դեմ կռվում էին հայտնի «Մոլոտովյան Կոկտեյլներով»:

Հետագայում, այնուամենայնիվ, սովետական զորքերին հաջողվեց ճեղքել ֆինների պաշտպանությունը: Մարշալ Մաներգեյմը հրամայեց նահանջել, սակայն ԽՍՀՄ զորքը չթողեց ֆիններին կրկին դիրքավորվել: Այսպիսով, պաշտպանության երկրորդ շերտը նույնպես ճեղքվեց, և ճանապարհ բացվեց դեպի Հելսինկի:

Այնուամենայնիվ, ԽՍՀՄ-ը չկարողացավ խորհրդայնացնել Ֆինլանդիան: Կրեմլը հստակ տեսնում էր, որ ֆինները մինչև վերջ կռվելու են անկախության համար: Բացի այդ միջազգային իրադրությունը ԽՍՀՄ համար բավականին բարդ էր: Մեծ Բրիտանիան իր դիվանագիտական խողովակներով կարողացավ ճնշում գործադրել ԽՍՀՄ վրա սպառնալով, որ կոնֆլիկտի շարունակության դեպքում կներգրավվի արդեն երրորդ կողմը:

ԽՍՀՄ-ն այդ շրջանում չէր կարող պատերազմել Մեծ Բրիտանիայի դեմ: 1940թ. մարտի 7-ին Մոսկվայում ԽՍՀՄ և Ֆինլանդիայի միջև բանակցություններ սկսվեցին: Արդյունքում, ԽՍՀՄ կողմին անցավ Վիբուր քաղաքը, Պետցահամու և Կորելյան շրջանները և ֆիննական ծոցի կղզիները, ինչպես նաև Լադոգա լիճը և վարձակալության սկզբունքով՝ Հանկո թերակղզին: Ֆինլանդիան կորցրեց իր տարածքի 1/10 մասը: Ֆիններն այդ տարածքները լքելու ժամանակ ոչնչացրին իրենց տները, ինչպես նաև այդ տարածքների կարևոր ռազմավարական կետերը: Արվում էր ամեն ինչ այդ տարածքներն անպետք տարածքների վերածելու համար:

«Ձմեռային պատերազմի» ժամանակ սովետական բանակի կողմից 380 հազար մարդ զոհվեց: Ֆիննական բանակի կորուստները կազմում էր 24 հազար: Սովետական հազարավոր գերիներ, որոնք պատերազմից հետո վերադարձան հայրենիք, միանգամից ուղարկվեցին Սիբիրյան ճամբարներ որպես «Հայրենիքի թշնամիներ»: Ի տարբերություն ֆինների, որոնց համար յուրաքանչյուր սպանված զինվորը ողբերգություն էր և մեծամեծ ընծաներով էին ճանապարհում նրան, սովետական չինովնիկների համար իրենց զինվորների կյանքերը գրոշի արժեք չունեին:

Դավիթ Ֆիդանյան

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել