Tert.amLife-ը գրում է.
Հայկական շոու բիզնեսի կենտրոնում և դրանից դուրս. միայն Արթուր Գրիգորյանին է հայտնի, թե ինչպես է կարողանում շոու բիզնեսի մեջ և դրանից դուրս լինել միաժամանակ։
 
Կար ժամանակ, երբ հայկական շոու բեզնեսը կազմված էր Երգի թատրոնի սաներից։ Անգամ նրանք, ովքեր չէին ուսանել Երգի թատրոնում, այսպես, թե այնպես, առնչվում էի երգի թատրոնին։ Ոմանք կատակում, ոմանք էլ սրտնեղում էին, թե  հայկական շոու բիզնեսը Գրիգորիչի մենաշնորհն է։
 
Անցան տարիներ ու շատ երգիչներ այսօր արդեն Երգի թատրոնում չեն, ավելին, տարիներով կարող են չլինել այնտեղ, սակայն  Արթուր Գրիգորյանի խոսքը նրանց համար նախկինի պես ազդեցիկ է։ Նրա խոսքը կարող է սուր լինել, սակայն նրանից չեն նեղանում։ Քննադատությունից չնեղանալը  շոու բիզնեսու եզակի երևույթ է, սակայն տարիների հետ չի փոխվում Արթուր Գրիգորյանի հանդեպ ակնածանքը։  Tert.am Life–ը Գրիգորիչի հետ խոսել է հայկական շոու բիզնեսի ներկայիս վիճակի, երգիչների և իր մասին։
 
 
-Պարոն Գրիգորյան, թեև նախորդ տարի հեղինակային երեկո ունեցաք, վերջին տարիներին, կարծես, ստվեր գնացած լինեք։ Ինչո՞ւ։
 
-Ես երբեք էլ չեմ եղել շոու բիզնեսում, անգամ, 90-ականներին։ Ինձ չգիտեմ ով կնքեց շոու բիզնեսի կնքահայր բառով։
 
-Այդ կնիքը, թերևս, պայմանավորված էր այն հանգամանքով, որ շոու բիզնեսը ներկայացնում էին ձեր սաները, որոնց հետ անմիջական աշխատում էիք։ Հիմա այն մարդիկ, ում հետ Դուք աշխատում եք, դուրս են շոու բիզնեսից։
 
–Որովհետև աղբը շատացավ։ Այսօրվա երգարվեստն ինձ համար աղբ է։ Ես շատ կցանկանայի, որ ինձանից լավ գրողներ լինեին, պահպանեին հայկականը, սակայն այդպես չէ։
Հայերեն լեզվով թուրքական երաժշտության պրոպագանդան այնքան շատ է, որ ես վստահ կարող եմ ասել, որ ռաբիս աշխարհն այսօր հաղթել է։ Եթե ժողովուրդը լսում է թուրքական երաժշտություն հայերենով, ուրեմն հաղթել է։
 
–Ձեր սաներից շատերն էլ են հիմա երգում այդ երաժշտությունը։ Գաղտնիք չէ, որ դա Ձեզ զայրացնում է։ Խորհուրդներ լսո՞ւմ են, թե չեք էլ փորձում խորհուրդ տալ։
 
–Մեկ–մեկ ջղայնանում եմ, զանգում, ասում` չես ամաչում, այս ինչ երգ ես երգում, ասում են` բա  ո՞նց պահեմ ընտանիքս։ Չի կարելի այդպես խոսել, բա ես ո՞նց եմ պահում ընտանիքս` ոչ բիզնես ունեմ, ոչ էլ շոու բիզնես։ Եթե այդքան դժվարությամբ ես պահում ընտանիքդ, գոնե, կիսիր աշխատանքդ, 50 տոկոսով  մնա այն երգիչը, երգչուհին, որը կաս, մյուս 50 տոկոսը եղիր ռեստորանային կամ պատվերով երգիչ, սակայն  քաբաբահոտային երգերը երգիր ռեստորանում, հեռուստատեսությամբ մի ներկայացրու այդ աղբը։
 
Պարզվում է` այսօր փողը հզոր բան է։
 
Ես, իհարկե, հետևում եմ իմ սաների աշխատանքներին։ Շատ դժգոհ եմ։ Ես մյուսների հետ գործ չունեմ, չեմ էլ ուզում լսել, որովհետև շատ վատն են։ Ուղղակի բրենդային հագուստներ են հագնում, շատ կասկածելի հովանավորներ են գտնում, 10-15 հազարով տեսահոլովակ են նկարահանում, որտեղ տղերքը կիսատկլոր են, յախտաներով, ռուս աղջիկների հետ, իսկ աղջիկների մասին էլ չեմ խոսում։ Դա այլանդակություն է։
 
 
–Կա՞ն մարդիկ, ովքեր չհիասթափեցրին ձեզ` իրենց գործունեությամբ։
 
–Շուշան Պետրոսյանը։ Երգի թատրոնից դուրս կարող եմ Հայկոյի անունը տալ, որը աղբ չի երգում։ Վստահ եմ, եթե Վարդուհին ողջ լիներ, չէր երգի աղբ։ Շատ եմ սիրում Սիրուշոյի արվեստը։ Նա ամեն ինչ մտածված  է անում։ Եթե անում է PR–ի համար, գիտի` ինչպես անել, եթե խորը երգ է ներկայացնում, գիտի` ինչպես անել։ Այ էստեղ ես ուրախանում եմ, որ երգչուհին նաև երաժիշտ է։ Նշանակում է` ասելիք ունի, դատարկ չի։
 
Այսօր լավ երգիչ ունեմ կողքիս` Ռուսլան Ելյազյանը։ Այնքան լավն է, որ ես չեմ իրեն հետ կանգնեցնում, ինքը չի ուզում ռաբիս երգել։ Գրիգոր Կյոկչյանն է լավը, թեպետ, ինչպես ինքն է ասում, պատվերով շատ ախմախ բառեր է գրում շատ ախմախ երգիչների համար։ Մարտան է ինձ մոտ, որը շատ լավ երգչուհի է։
 
Արսեն Սաֆարյանը չերգեց վատ երգ, սակայն ստվեր գնաց։ Անդրեն արդեն ստվեր գնաց։ Այդ սերունդն արդեն գնաց։
 
–Իսկ ո՞վ է ամենից շատ հիասթափեցրել Ձեզ։
 
–Ես շատ կուզեի, որ Ռազմիկ Ամյանը վերադառնար իր ճիշտ երգիչ կոչմանը։ Այն, ինչ նա երգում է հարսանիքներին, ընդունելի չէ ինձ համար։ Նա չտեսնված երգիչ է, ուղղակի չի կարողանում իրեն կիսել։ Կամ պիտի փող աշխատի, կամ մնա լավ երգիչ։
 
Զառա Բաբայանը այդքան լավ երգեր չի երգում, բայց կարող էր։
 
–Ձեր հանդեպ առանձնահատուկ հարգանք կա շոու բիզնեսում, Ձեր հեղինակած երգերը կատարելը երգիչների համար հեղինակության հարց է։ Այս տարի Ռազմիկ Ամյանի կատարմամբ լայն տարածում գտավ «Կյանք ու կռիվ» ֆիլմի ձեր հեղինակած սաունդթրեքը, սակայն,  ընդհանուր առմամբ, հիմա Ձեր երգերն ավելի քիչ են երգում։ Դո՞ւք չեք գրում իրենց համար, թե՞ երգիչներն էլ չեն դիմում, որովհետև ձեր երգերը չեն կարող ներկայացնել հարսանիքին։
 
– Դիմում են, երբ կարիք են ունենում։ Եթե ուզում եմ, գրում եմ, սակայն ես այն կոմպոզիտորներից չեմ, որ պատվերով երգ գրեմ։ Այդ հեղինակության պահը կա։ Ինձ դիմում են իրենց համար երգ ունենալու համար։ Ավետ Բարսեղյանի հետ վերջերս մի երգ էինք գրում, ասաց` դու ինձ փրկեցիր, որովհետև վերջերս այնքան զիբիլ եմ անում, որ արդեն կորցրել եմ իմ եսը։
 
Իհարկե, դիմում են, բայց ամեն անգամ չէ, որ կուզես ինչ–որ մեկի համար երգ գրել։ Երգը պիտի գրես ոչ ոքի համար, հետո որոշվի, թե ով կերգի այն։
 
«Կյանք ու կռիվը» գրված էր Սարոյի  համար, ֆիլմի ստեղծագործական թիմն ուզեց ունենալ Ռազմիկ Ամյանի տարբերակը։
Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել