Tert.am-ը գրում է.

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ինչու ռուսական փորձագիտական շրջանակները, որոնք ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման ժամանակ ավելի զուսպ էին, սկսել են Հայաստանին համեմատել տրոյական ձիու, անհավատարիմ հարսնացուի հետ:

- Պարո՛ն Սաֆարյան, ինչո՞վ եք բացատրում հետբրյուսելյան՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո ռուս փորձագիտական շրջանակների գնալով ավելի ագրեսիվ դարձող հայտարարությունները. Հայաստանին համեմատեցին էլ  տրոյական ձիու հետ, էլ աղջկա, որի սիրած տղան Ռուսաստանն էր, բայց ամուսնացավ Արևմուտքի հետ...

-Թերևս մենք սխալ վարվեցինք, որ բավարարվեցինք «Զվեզդա»–ի, այսպես ասած, ներողությամբ: Նկատի ունեմ ներողության ձևը, երբ լրատվամիջոցն իր ներողությունը  հայտնեց իր հեռուստալսարանի առջև, չնայած պետք է հայտներ հայ հասարակության առջև: Տարբերությունը սա էր: Երևի թե պետք էր, որ ՌԴ-ում Հայաստանի դեսպանությունը, որին հայտնվել էր ներողությունը, կոչ աներ նրանց դա անել հրապարակավ: Եթե  դա արված լիներ, կարծում եմ, Ռուսաստանի տարբեր մակարդակի էքսպերտներն իրենց արտաթորանքը հեռուստաէկրաններ հանելու պատճառ չէին ունենա: Եվ ինչ է տեղի ունենում. մենք ակնհայտորեն տեսնում ենք Ռուսաստանի ֆոբիաները, որոնք պաշտոնական շրջանակներով չեն արտահայտվում, արտահայտվում են էքսպերտների շուրթերից: Եվ ակնհայտորեն Ռուսաստանը հարկ է համարում այդպիսի էքսպերտների բերանով մեզ զգուշացնել կարմիր գծերի մասին, որոնք մենք անցնել չենք կարող: Ինչ վերաբերում է մեր իշխանություններին, ապա անցած տարվա մեջ ռուսական կողմին լայն հավաստիացումներ են տրվել` հակաօդային պաշտպանության միացյալ համակարգ, համատեղ զորախումբ և այդ ամենը ստեղծվեց։ Բայց, կարծեք, այդ ամենը չի բավարարում Ռուսաստանին, և շարունակում են անվստահություն ցուցաբերել ոչ միայն Հայաստանի, այլև ԱՊՀ մյուս երկրների նկատմամբ` Բելառուս, Մոլդովա, էլ չեմ ասում՝ Վրաստան, Ուկրաինա: Եվ, թերևս, բացատրությունը մեկն է. որքան էլ Ռուսաստանը և Հայաստանի իշխանությունները պնդեն, որ Հայաստանի եվրաինտեգրումը որևէ կերպ չի հակադրվելու ՌԴ-ի հետ հարաբերություններին, վերջինս վախեր ունի, որ ինքը մրցունակ չէ: Եվ դա լավ երևում էր հաղորդման ընթացքում, երբ տարբեր փորձագետներ խոսում էին Ռուսաստանի` մրցունակ լինելու անհրաժեշտության մասին: Ռուսաստանը գիտակցում է դա և վախեր ունի, որ մրցակցությանը չի դիմանա:

-Այո, բայց ամենը պարզ էր նաև մինչև նոյեմբերի 24-ը։ Իրավիճա՞կ Է փոխվել Բրյուսելից հետո, թե՞ ուղղակի սպասում էին, որ մի քանի օր անցնի, նոր սկսեն իրենց փորձագետներին բաց թողնել դաշտ:

-Ռուսաստանը կաշկանդված է, պաշտոնական շրջանակները շատ կուզենային այս անգամ ևս Հայաստանին հետ պահել համաձայնագրի ստորագրումից, բայց կստացվեր, որ Ռուսաստանն իսկապես խնդիր է բոլոր պետությունների համար, այդ թվում՝ դաշնակիցների: Եվ կստացվեր, որ Ռուսաստանի խնդիրը միայն եվրաասոցացումը կանխելը չէ, այն շատ ավելի խորն է` ԱՊՀ երկրների ինքնիշխանության սահմանափակումն է:  Դրա համար էլ հանդուրժեցին այդ` ծավալները սեղմված, ասոցացումից թույլ համաձայնագիրը` չստանձնելու համար պատասխանատվություն ևս մեկ արկածախնդրության համար:

Ամբողջակցան հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել