Ավելի մեծ նվեր, քան այն, ինչ այսօր տեղի է ունենում ռուսաստանյան լրատվամիջոցներում Հայաստանի վերաբերյալ, դժվար էր ակնկալել։ Խոսքն, իհարկե, չի վերաբերում այս կամ այն հաղորդումներում Հայաստանի հասցեին արտաբերված արտահայտչամիջոցներին. շատ ավելի կարևոր է դրանց քաղաքական նշանակությունը։ Եվ ուրեմն՝ ստացվում է, որ Հայաստանն ասոցացրել են կնոջ հետ, այն էլ՝ վարքից թույլ կնոջ հետ, ով «թռել է» կամ գոնե նման փորձ է արել Ռուսաստանի նման ամուսնու գլխից, ու փորձել սիլի-բիլի անել Եվրոպայի հետ։ Այս եզրույթը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ռուսներն, ավելի ճիշտ՝ ռուսական իշխանության այն թևը (Ռուաստանում, ինչպես Հայաստանում, իշխանությունը միատար չէ․ այնտեղ, ի հեճուկս մեր պատկերացումների, իշխանությունը չի գտնվում սոսկ մեկ մարդու ձեռքում), ում դուր չի եկել Հայաստանի նման պահվածքը, կա՛մ գլուխ չեն հանում կանանցից, կա՛մ, առհասարակ, քաղաքականապես կույս են։

Խոսքս, սակայն, ոչ թե ռուսներին է վերաբերում, այլ Հայաստանի ներսում այդ արտահայտությունից հերսոտած մարդկանց։ Էմոցիոնալ առումով այն, անխոս, հասկանալի է, բայց միայն առաջին հայացքից։ Եթե մեզ կնոջ հետ են ասոցացնում, մենք դրան դեմ չենք (կարող եք նայել քարտեզին)։ Աշխարհաքաղաքական առումով էլ դեռ չենք ձգում պլոճիկով տղու դերին, ուստի պետք է մանևրենք առայժմ, ինչը և անում ենք։ Եվ առհասարակ, մանևրելը կանանց մենաշնորհն է։ Չպետք է այս դերից վատ զգալ, պատրաստ ենք խաղալ այդ ստատուսով։ Ռուսները նեղվել են, որ վրեքներից թռել ենք՝ մոռանալով այն մասին, որ մենք իրենցը չենք եղել։ Եթե քո կինն ինչ-որ մեկի վրայից թռել է, ուրեմն՝ կա՛մ քո կինը չի եղել, կա՛մ դու, հազար ներողություն արտահայտությանս համար, «լոխ» ես։ Տվյալ պարագայում Հայաստանը երբեք Ռուսաստանինը չի եղել, որովհետև եթե նրանը լիներ, յուր կազմում կլիներ։ Հայաստանը սեթևեթել է, գին բարձրացրել ու հիմա էլ այդ գործով է զբաղված թե՛ Ռուսաստանի, թե՛ Արևմուտքի հետ։ Ուրիշ ի՞նչ էր մնում անել մի կնոջ, ով վերջապես սկսել է հասկանալ իր գինը։ Հետևաբար Ռուսաստանն ու Արևմուտքն սկսում են ավելի բարձր սակարկել Հայաստանի հարցում, քանի որ, ի տարբերություն կեպռեշ Ուկրաինայի կամ տուտուց Վրաստանի, սարսափելի գրավիչ է։ Ոչինչ չի գրավում ուժեղ տղերքին, քան իր գինն իմացող կինը, տարածաշրջանում իր գինն իմացող միակ կինը, իմիջիայլոց։

Ռուսները կարծել են՝ իրենցն ենք, հիմա խաբված են զգում։ Իսկ ի՞նչ է անում սիրած աղջկան չհասած տղամարդը։ Ճիշտ է, սկսում է վատաբանել ու հայհոյել նրան։ Բայց մի՞թե նրա սերն առ սիրո օբյեկտ նվազում է։ Ոչ, հակառակը՝ ավելի է շատանում։ Մինիմում երկու անգամ։ Սակայն սիրո մասին գրվածքները, ինչպես Քամյուն է ասում, դեռ սիրել չեն սովորեցնում, հետևաբար ոչինչ չի մնում, քան ավելի շռայլ պարգևատրել օբյեկտին։ Հայաստանն, օրինակ, չէր հրաժարվի հավելյալ պայմանական Իսկանդերից կամ, ասենք, Տոս-Սոլնցեպյոկից։ Զգացված կլինենք։

Արևմուտքում փոքր-ինչ այլ է։ Եվրոպան, ի տարբերություն Ռուսաստանի, միանգամից ֆիքսում ու հասկանում է խնդրի էությունը։ Նրանք ոչ թե հանձնվում են շուտ, այլ պարզապես հասկանում են, որ ուրիշ ձև չկա։ Միգուցե նրանք Հայաստանը չեն սիրում այնպես, ինչպես Ռուսաստանն է սիրում, որովհետև, գրողը տանի, յուր կազմում հազար Հայաստան ունեն, սակայն դա ոչինչ չի փոխում, քանի որ խնդիրը Հայաստանի ինտեգրացիան է։ Արևմուտքում պարզապես հարաբերությունները դասակարգելու ու կառուցելու կրիտերիաներ չկան․ ով ում հետ ինչպես հարմար է, կարող է հարաբերվել։ Պատահական չէ, որ, օրինակ, ամուսնություն գաղափարն սստիճանաբար սկսվում է ստորադասվել քաղաքացիական ամուսնություն տերմինով (гражданский брак)։ Դա թույլ է տալիս Եվրոպային ավելի սառը դատել, սակայն էմոցիոնալ առումով նրանք դադարում են ինչ-որ բան զգալ, ավելի շատ, երևի թե, ամբիցիաների բավարարման խնդիր են ընկալում։ Հայաստանը բացառություն չէ։ Բավարար է սա, թե ոչ, ժամանակը ցույց կտա։

Դե, ինչ մնում է Հայաստանին, ապա իսկապես ստեղծվել է մի այնպիսի իրավիճակ, երբ մեր երկրին բաժին է հասել bad girl կարգավիճակը, այսինքն՝ չես կարող պերմանենտ հարաբերություններ հաստատել ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Եվրոպայի հետ, ու պետք է սակարկել այնքան ժամանակ, մինչև քեզ առաջարկվող պայամանները քեզ լիովին բավարարեն, կա՛մ այնքան ձգել, մինչև երկու բևեռն էլ «նադայել լինեն», քոռ ու փոշման թողնեն, հեռանան, կա՛մ էլ սպասել այնքան, մինչև հայտնվի մի նոր պոտենցիալ փեսացու, ով զահլա չի տանի իր սակարկումներով, կհարգի Հայաստանի սուվերենությունը, կնայի հավասարը հավասարին՝ չնայած նրան, որ ինքը երկու մետրից անց է, իսկ Հայաստանը, ասենք, 1.50, և կապրեն երջանիկ, ընկույզ կուտեն ծառի փչակում՝ վայելելով կյանքը։ Այդ երրորդ փեսացուն կարող է լինել, օրինակ... օրինակ՝ Իրանը, ում հետ, ի դեպ, ինչպես Ռուսաստանի պարագայում, առևտրաշրջանառությունը կազմում է մոտ 1 միլիարդ դոլար։ Ինչպես տեսնում ենք, իրավիճակն այդքան էլ վատ չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել