«Երեկ Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի ազգային 12 պատվիրակություններից 9-ը կողմ են քվեարկել այն հռչակագրի ընդունմանը, որտեղ կան հակահայկական ձևակերպումներ: ՍԾՏՀ ԽՎ 25-ամյակի առիթով մշակված հռչակագրում կա դրույթ՝ տարածաշրջանում հակամարտությունների կարգավորման վերաբերյալ, որտեղ կոնֆլիկտի լուծման միջազգային երեք հիմնարար սկզբունքներից միայն տարածքային ամբողջականությունն է նշվում: Բանաձևի ընդունմանը քվեարկել են բոլոր ազգային պատվիրակությունները, այդ թվում՝ Ադրբեջանը, Վրաստանը, Ուկրաինան, Մոլդովան, Թուրքիան: Քվեարկությունը բոյկոտել են Հայաստանն ու Սերբիան, իսկ Ռուսաստանն առհասարակ չի մասնակցել լիագումար նիստին, որովհետև այն անցկացվում է Ուկրաինայում:
 
Նոյեմբերի 23-24-ը Բրյուսելում հայկական դիվանագիտությունը հաջողեց` միանգամից երեք փաստաթղթում բարենպաստ ձևակերպումներ ապահովելով ԼՂ խնդրի վերաբերյալ ու դա` չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանը բոլոր ջանքերը գործադրել էր Հայաստան-Եվրամիություն շրջանակային համաձայնագրի ստորագրումը վիժեցնելու կամ առնվազն դրա քաղաքական նշանակությունը ստվերելու նպատակով:
 
Բաքուն այսօր Կիևում փորձել է ռևանշի հասնել` թեև ակնհայտ է, որ խոսքը համարժեք հարթակների մասին չէ: Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի դերը թերագնահատել չենք ուզում, սակայն` այն իր հեղինակությամբ, կշռով ամենևին համարժեք չէ Արևելյան գործընկերության գագաթնաժողովին: Իհարկե, սա չի նշանակում, որ հայկական դիվանագիտությունը չպետք է աչալրջություն, հետևողականություն ցուցաբերի տարածաշրջանային նման հարթակներում, որովհետև հակահայկական ցանկացած բանաձև որոշակի նստվածք ունենում է, իր բացասական ազդեցությունն է ունենում Հայաստանի և այլ երկրների հարաբերությունների վրա: Այսօրվա բանաձևի հետ կապված դարձյալ արձանագրենք, որ բովանդակային հարթության վրա արդյունավետ չի օգտագործվում հայ-վրացական հարաբերությունների պոտենցիալը: Մյուս կողմից` հակամարտությունների կարգավորման հարցում Թբիլիսիի և Բաքվի դիրքորոշումների ընդհանրությունն ունի օբյեկտիվ հիմքեր, մանավանդ, որ Ադրբեջանի ու Վրաստանի համագործակցությունն ամրապնդվում է նաև տարածաշրջանային էներգետիկ և տրանսպորտային նախագծերով: Մյուս կողմից` այսօրվա գագաթնաժողովը հյուրընկալել էր Կիևը ու ԼՂ հարցն ակնհայտորեն մնացել է ղրիմյան համատեքստի ստվերում:
 
Սակայն գլոբալ հարթության վրա մեր միջազգային պատվիրակությունների ձայնը շատ հաճախ լսելի չի լինում, որովհետև տարբեր միջազգային ձևաչափերում Հայաստանի ներկայացուցիչներն անվերապահորեն պաշտպանել են ռուսական դիրքորոշումներ, եթե նույնիսկ դրանք հակոտնյա են եղել մեր պետական օրակարգին:
 
ՍԾՏՀ խորհրդարանական վեհաժողովի մյուս դասը, անշուշտ, այն է, որ մեր դիվանագիտության գործունեության առանցքային ուղղություններից մեկը պետք է մնա միջազգային բոլոր հարթակներում ԼՂ խնդրի առանձնահատկությունը ներկայացնելը: Այս ուղղությամբ ջանքերը բազմապատկելու անհրաժեշտություն կա: Սա, մի կողմից, ԼՂ խնդիրը կազատի ավելորդ ռուսականացումից, մյուս կողմից` նվազագույնի կհասցնի միջազգային և տարածաշրջանային տարբեր ձևաչափերում հակահայկական բանաձևերի ընդունման հնարավորությունը»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել