Հայ սպառողի մոտ առավել տարածված թյուրիմացություններից մեկը՝ կապված ԵՄ-ի հետ շրջանակային համաձայանգրի ստորագրման հետ, արտահայտվում է նրանով, որ շատերը վստահ են, որ մենք շուտով առանց վիզային ռեժիմ ենք ունենալու ԵՄ անդամ պետությունների հետ։ Սկզբունքորեն չի կարելի հերքել, որ նման հավանականություն կա տեսանելի ապագայում, բայց վստահորեն կարելի է ասել, որ այդ տեսանելի ապագան ո՛չ վաղն է գալու, ո՛չ էլ՝ մի քանի տարուց։

Ոչ վիզային ռեժիմի մասին պետք է իմանալ հետևյալը․ ոչ մի կոնկրետ խոստում չկա, ոչ էլ որևէ ժամանակացույց։ Վիզաների չեղարկումը կախված է մի շարք հանգամանքներից, հատկապես՝ ՀՀ-ի կողմից ստանձնած պարտականությունների պատշաճ կատարումից։ Դրանց մասին կխոսենք ստորև, իսկ այժմ արձանագրենք, որ դեպի ԵՄ ազատ մուտքն առայժմ սառույցի վրա է գրված ու սաղմնային փուլում է գտնվում։

Ինչ վերաբերում է պարտականություններին, որոնք մենք ստանձնել ենք, ապա դրանք քիչ չեն, իսկ դրանց ընթացքն ու հետևանքները, մեղմ ասած, ռեզոնանսային են հավակնում լինել։ Մի քանի նման պարտականություն/տնային աշխատանք արդեն ընթացքի մեջ են, մի քանիսն էլ լինելու են շուտով (Ընտանեկան բռնության օրենքը, Խտրականության մասին օրենք և այլն)։

Սակայն հանուն արդարության պետք է նշել, որ այս ռեֆորմներն ու դրանց անբաժանելի մաս կազմող գրանտային հոսքերն օդի ու ջրի պես պետք են հոգեվարքի մեջ գտնվող հայկական տնտեսությանը։ Եթե ես ճիշտ եմ հասկանում այդ գրանտային հոսքերի շուրջ իշխանության ակնկալիքները, ապա մերոնք հույս ունեն, որ կսկսեն կրկնվել 2008-2013 ցուցանիշները, երբ տարեկան մի քանի հարյուր միլիոն դոլարի գրանտ էր մտնում երկիր ու հետևաբար՝ տնտեսություն։ Ու կարճաժամկետում այդ ֆինանսական ներհոսքն ավելի կարևոր է, քան այն, թե ինչ օրենք են պատրաստվում ընդունել, նամանավանդ եթե չեն էլ պատրաստվում այն ջանասիրաբար իրացնել (համենայն դեպս, իրենց է այդպես թվում)։

Այնպես որ, վիզաների չեղարկման մասին դեռ մոռացեք. առաջիկա տարիներին Շրջանակային համաձայնագիրը մեզ բերելու է շատ գրանտային եվրոներ ու ֆեյսբուքյան կռիվ-ղալմաղալներ։ Կարևորը՝ վերջը լավ լինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել