Տևական ժամանակ Հայաստանն ու ԵՄ-ն քննարկում են վիզային ռեժիմի ազատականացման խնդիրը։ Շուրջ երկու տարվա բանակցություններից հետո 2014 թվականից վիզաների ստացման ընթացակարգը դյուրացվեց, և ուժի մեջ մտավ նաև Ռեադմիսիայի համաձայնագիրը: Օրերս ստորագրված ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում առանձին դրույթով անդրադարձ է կատարվում վիզաների ազատականացման խնդրին, սակայն դա չի նշանակում, որ առաջիկա մի քանի օրերի կամ ամիսների ընթացքում Եվրոպայի դարպասները բացվելու են հայ հանրության առջև, բնավ:

ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման գործընթացում շատ բան կախված է նրանից, թե ինչ չափով, ինչ մակարդակով և ինչ որակով Հայաստանը կիրագործի ԵՄ հետ ստորագրվելիք համաձայնագիրը: ԵՄ դիրքորոշումը հստակ է՝ կան մի շարք պայմաններ, որոնք անհրաժեշտ է բավարարել վիզաների ազատականացման մասին խոսակցությանն անցնելու համար:

Այդ ազատականացումը տարիների գործընթաց է, ինչպես եղավ Վրաստանում, Ուկրաինայում: Չի բացառվում, որ կարող է նաև արագացված տեմպերով իրավիճակը զարգանալ, բայց դա արդեն կախված կլինի նաև Հայաստանից` իր ապագա քայլերի հաջորդականությունից և նախաձեռնողականությունից: Վիզաների վերացման խնդիրը մեծապես կախած է նրանից, թե Հայաստանը, ըստ այդ համաձայնագրի, որքանով պատրաստ կլինի լուրջ քայլեր կատարել բարեփոխումների ճանապարհին (եթե լուրջ առաջընթաց գրանցվի. ԵՄ-ն արդեն ցույց է տվել, որ պատրաստակամ է այս հարցը լուծել):

ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու գնահատմամբ՝ Հայաստանի համար վիզաների ԵՄ ազատականացումը պետք է լինի մինչև 2020 թ. գնահատելի արդյունքների շարքում, որ ենթադրում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի իմպլեմենտացիայի գործընթացը: Դեսպանը հայտարարել էր, որ դա արտոնություն է, ոչ թե իրավունք:

Նրա բնորոշմամբ` ազատականացումն այլևս իրավունք չէ, այլ արտոնություն, և եվրոպական քաղաքացիները պետք է իմանան, որ այն երկրները, որոնք ձգտում են վիզաների ազատականացման, ունեն եվրոպական կոչում, հավատում են Եվրոպային, ցանկանում են, որ իրենց վերաբերվեն որպես իրական եվրոպացիների, և ապրեն եվրոպական չափորոշիչներով ու նորմերով:

Իրականում ազատականացման այս գործընթացը պետք է դիտարկել ոչ թե որպես արտոնություն կամ իրավունք, այլ` երկկողմ հարաբերության խորացման, այդ հարցում հանրային մի շարք կարծրատիպերի հաղթահարման գործիք: Ըստ այդմ՝ գործընթացը պետք է լինի ոչ թե նպատակ, որ հետապնդվում է Հայաստան-ԵՄ համաձայնագրով, այլ այդ համաձայնագրի տառն ու ոգին ամրապնդելու, այդ համաձայնագրի ավելի լայն իրականացման գործընթացում հանրային մեծ աջակցություն ապահովելու միջոց:

Պետք է փաստենք, որ ազատականացումը կհանգեցնի նաև արտագաղթի նոր ալիքի, և այս առումով էլ ՀՀ-ն պետք է ցույց տա, թե ինչպես է հաղթահարելու այս խնդիրը (վիզային այն պարզեցված կարգը, որն օգտագործվում է ՌԴ հետ, փաստում է, որ արտագաղթի տեմպերին նման կերպ զարկ է տրվելու): Հաշվի առնելով Վրաստանի փորձը՝ Հայաստանը նաև պետք է ցույց տա, թե ինչպես է հաղթահարելու արտագաղթի խնդիրը: Վրաստանից շատերը, օգտվելով առիթից, իբրև թե տուրիստական նկատառումներից ելնելով, գնում են ԵՄ երկրներ և չեն վերադառնում: Այն երկրների փորձը, որ այդ ճանապարհն անցել են, միշտ էլ օգտակար է, մասնավորապես՝ Վրաստանի դեպքում, որտեղ ավելի քիչ էին խոչընդոտները, քան Ուկրաինայում։

Նշված համաձայնագիրը հանրության շերտերի համար սահմաններն անարգել հատելու, իրենց ուզած եվրոպական երկրներ հասնելու և, ինչու ոչ, հնարավորության դեպքում տեղում հաստատվել-հիմնավորվելու հույսեր և մեծ ակնկալիքներ է կանխորոշում: Եվրոպայի հետ մնացած փոխշահավետ համագործակցության նախադրյալները տնտեսական, իրավական, սոցիալական համատեքստերում մղված են երկրոդական պլան:

ՀՀ քաղաքացու համար այսօր կան դժվարանցանելի սահմաններ, որն իր հերթին նշանակում է, որ վաղ թե ուշ պետք է հաղթահարվեն: Ուղղակի հարկ է ընդգծել, որ փրկություն կոչվածը շատ անգամ շինծու, երանգավորված, քաղաքական խնդիրներ լուծող միֆական հատկություն ունի. որքան այն փակ է ու անհասանելի, այնքան ցանկալի ու հետաքրքրական է դառնում: «Փրկության կղզի» համարվող երկրների կուլտն այնքան է միֆականացված, որ մարդկանց մոտ հետևյալ մոտեցումն է` «ամեն գնով հասնեմ, մնացածը լավ ա լինելու», սակայն իրականությունը խոսում է բացարձակ այլ բանի մասին`հանցագործություն, կասկածելի խմբավորումներ և այլն:

Հարց է առաջնում՝ արդյոք Եվրոպան, որը զանգվածային ներգաղթի խնդրի հետ կապված արդեն լուրջ խնդրի առաջ է կանգնած, չի փորձի խոչընդոտել ՀՀ հետ հարաբերությունների այդ տաբուն հաղթահարելու գործընթացին: Տեղին է ընդգծել, որ մահմեդական հանրության գերհագեցվածության պատճառով միանգամից աճեցին ահաբեկչական գործողությունները, ինչը եվրոպական «Ավետյաց երկրում» խաղաղ ապրելը դարձրեց որոշակի առումով ռիսկային: Այս ամենով է պայմանավորված նաև, որ եվրոպական պետություններն իրենց քաղաքականությունների մեջ որոշակի դրույթներ վերանայեցին, որն իր հերթին վարվող քաղաքականության կոշտացման հանգեցրեց: Մյուս կողմից՝ քիչ չեն մեր այն հայրենակիցները, որոնք, իրենց վերջին ինչքը վաճառելով, Եվրոպայում կանգնում են կոտրած տաշտակի առաջ`անգամ զրկվելով հայրենիք վերադառնալու հնարավորությունից:

Ըստ էության՝ ԵՄ համար կարևոր են ընթացակարգերը, որոնք հնարավորություն կտան Հայաստանում կատարելու համակարգային բարեփոխումներ: Հազիվ թե հնարավոր է համարել, որ ԵՄ-ի համար ՀՀ-ն այդ տեսանկյունից ռիսկի շատ մեծ աղբյուր է, քան հետխորհրդային այն երկրները, որոնց հետ ԵՄ-ն ունի ազատականացված կամ անվիզա հաղորդակցություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել