«Չարենցավանում շաբաթ օրը երեկոյան կրկին ավտոմեքենաներ են թալանել:  Կիրակի առավոտյան մարդիկ զարթնել են ու տեսել իրենց մեքենաները թալանված: Նախնական տեղեկություններով՝ մեկ տասնյակից ավելի մեքենաների մա­սին է խոսքը: Մեքենաները կանգնած են եղել բակերում, որոշները՝ անգամ կենտրոնական փողոցներին մոտ: Գողերը մեքենաներից տարել են ինչ հնարավոր է՝ հիմնականում ապակին կոտրելու միջոցով, մագնիտոֆոն, գումար, օծանելիք, արժեքավոր իրեր, այն, ինչ հայտնաբերել են մեքենայի սրահում: Որոշ մեքենաների դեպքում վնասն ավելի մեծ է եղել՝ անվադողեր, գազի բալոն, մարտկոց: Մեքենաներից մեկից էլ, բացի փողից ու արժեքավոր իրերից, նաև խանութի բանալիներ են հանել: Հետո գտել են այդ խանութն ու գողություն կատարել նաև խանութից: Այսինքն՝ ակնհայտ է, որ լավ տեղեկաց­ված են եղել՝ ում մեքենան արժի թալանել, կամ որ մեքենայի տերը մի քանի փողոց այն կողմ նաև խանութ ունի և այլն: Այսպես ներկայացրին մեզ չարենցավանցիները շաբաթ-կիրակի օրերին տեղի ունեցածը: Ի դեպ, մարդիկ նկատել են, որ գողությունները տեղի են ու­նենում գրեթե ամեն շաբաթ օր: Բայց Չարենցավանի ոստիկանությունում երջանիկ անտեղյակության մեջ են՝ ոչ լսել են, ո՝չ տեսել:

 

Չարենցավանի ոստիկանության հերթապահը մեր հարցը լսեց, մատ­յանում երկար տնտղեց, հետո պա­տասխանեց. «Չէ, չունենք մենք գողու­թյուն՝ ոչ ահազանգ, ոչ էլ հաղորդում»: Մինչդեռ ուղղակի անհնար էր, որ մի փոքրիկ քաղաքում ոստիկանությունը լսած չլիներ նման դեպքի մասին: Այս տարվա հունվարին էլ էին Չարենցավանում կազմակերպված մի խմբի կող­մից ավտոմեքենաների շղթայական գողություններ տեղի ունեցել: Մի քա­նի անգամ գրելուց ու բարձրաձայնելուց հետո վերջապես հայտարարեցին, որ ինչ-որ կազմակերպված խումբ են հայտնաբերել, որը Չարենցավանում և Կոտայքի մարզի մի քանի քաղաք­ներում մեքենաներ էր թալանում: Ան­ցան ամիսներ՝ գողությունները նույն ձեռագրով վերսկսվեցին ու շարունակ­վում են, բայց որևէ տեղաշարժ դրանց բացահայտման ուղղությամբ չկա: Չա­րենցավանի ոստիկանապետին էլ փո­խեցին, էլի սայլը տեղից չշարժվեց»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել