168.am-ը գրում է.

Կատալոնիայի կառավարության նախկին նախագահ Կառլես Պուչդեմոնը, որի արտահանձնմանը Բելգիայից ձգտում է հասնել իսպանական դատարանը, պատրաստվում է վերադառնալ Իսպանիա, եթե հաղթանակ տանի ինքնավար հանրակցության՝ դեկտեմբերի 21-ին նշանակված խորհրդարանական ընտրություններում։

Պուչդեմոնի թեկնածությունն ընտրություններում առաջադրվել է «Միասին՝ հանուն Կատալոնիայի» դաշինքի ցուցակից: «Եթե դուք ցանկանում եք, եթե ցանկանում եք, որ ես լինեմ խորհրդարանում, ես այնտեղ կլինեմ եւ պաշտոն կզբաղեցնեմ»,- հայտարարել է Պուչդեմոնը տեսաուղեձում, որը զետեղված է սոցցանցերում:

Իսպանիայի կառավարությունը հոկտեմբերի վերջին ինքնավար հանրակցությունում սահմանել է ուղղակի կառավարում, հեռացրել է տարածաշրջանի ամբողջ կառավարությանը, արձակել խորհրդարանը եւ հայտարարել դեկտեմբերի 21-ին վաղաժամկետ ընտրություններ անցկացնելու մասին:

Պուչդեմոնն ընտրությունների անցկացումը համարել Է «անօրինական», բայց հայտարարել Է, որ «դրանցից չի վախենում»: «Ամեն անգամ, երբ ընտրություններ հայտարարեն, մենք կմասնակցենք, ինչպես դա անում Էինք այս բոլոր տարիներին, կհաղթենք եւ շատ հստակ հայտարարություններ կանենք»,-ասել Է կատալոնական ժեներալիտետի նախկին ղեկավարը:

Իսպանիայի Ազգային դատական պալատի դատավորը նոյեմբերի 2-ին կարգադրել Է մինչեւ ըստ Էության գործի քննությունն առանց գրավով դուրս գալու իրավունքի կալանքի տակ վերցնել Կատալոնիայի կառավարության ութ նախկին անդամների, այդ թվում՝ ժեներալիտետի ղեկավարի նախկին տեղակալ Օրիոլ Ժունկերեսին: Հաջորդ օրը նա տվել Է Պուչդեմոնի եւ Կատալոնիայի կառավարության մյուս նախկին անդամների կալանման գրություն, որոնք գտնվում են Բրյուսելում: Բրյուսելի դատախազությունը պահանջել Է Իսպանիային հանձնել Պուչդեմոնին եւ նրա կառավարության մյուս նախկին անդամներին: Բրյուսելում նոր դատական նիստը նշանակված Է դեկտեմբերի 4-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել