Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Հատուկ քննչական ծառայության կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որը վարել է ծառայության պետ Վահրամ Շահինյանը, այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։


Հոբելյանական նիստում ունեցած իր ելույթում Վահրամ Շահինյանն ամփոփել է անցած տասը տարիների ընթացքում կառույցի կայացման և զարգացման ուղղությամբ կատարված աշխատանքները, առավել նշանակալի ձեռքբերումներն ու դեռևս առկա խնդիրները, անդրադարձել նախաքննության որակի և արդյունավետության բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքներին, հանցավորության դեմ պայքարում իրավապահ այլ մարմինների ու դատավարական գործառույթներ ունեցող մյուս կառույցների հետ համագործակցությանը, ինչպես նաև իրականացված կադրային ու կառուցվածքային փոփոխություններին:

Հանրապետության Նախագահը Հատուկ քննչական ծառայության աշխատակիցներին շնորհավորել է ծառայության կազմավորման հոբելյանի առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք և բարի ծառայություն: Իր ելույթում Նախագահը, Ծառայության անցած ուղուն անդրադառնալուց բացի, խոսել է նաև սահմանադրական փոփոխություններից հետո պետական կառավարման նոր համակարգին անցնելու ճանապարհին ծառայության առջև դրվող նոր խնդիրների և մի շարք ուղղություններով անելիքների մասին՝ ընդգծելով, որ սահմանադրական բարեփոխումների հիմնական նպատակներից մեկը իրավունքի գերակայության երաշխավորման անհրաժեշտությունն էր, և սահմանադրական այս պահանջը կյանքի կոչելու գործում ծառայությունը հատուկ առաքելություն ունի:


Հոբելյանի կապակցությամբ հրավիրված նիստում Նախագահ Սերժ Սարգսյանն իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար պետական պարգևով խրախուսել է ծառայության աշխատակիցներից մեկին, նշելով, որ կառույցում կան բազմաթիվ այլ արժանիներ, ովքեր նվիրումով ու մեծ պատասխանատվությամբ են կատարում իրենց աշխատանքը, և նրանց վաստակը ևս ժամանակի ընթացքում ըստ արժանվույն կգնահատվի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել