Չնայած վերջերս նորաձև դարձած առողջ ապրելակերպին՝  երբեմն դիետաների ու սննդի ընդունումը խախտվում է կյանքի ակտիվության պատճառով։ Այս պահերին օգնության են հասնում թարմ քամած հյութերը։ Ներկայացնում ենք թարմ քամած հյութերի մի քանի տեսակ և դրանց լավագույն հատկությունները։ 

Նախ՝ պատրաստում և խմում ենք հյութերը ճիշտ ձևով։

- յուրաքանչյուր հյութ պատրաստվում է միմիայն թարմ մրգից կամ բանջարեղենից,

- բոլոր օգտագործվող բաղադրիչները լավ լվանում ենք, հաստ կճեպով մրգերը նախընտրելի է կեղևահանել,

- թարմ քամած հյութերը խորհուրդ չի տրվում պահել 30 րոպեից ավելի,

- չի կարելի խմել ուտելիքից անմիջապես առաջ կամ հետո, նախընտրելի է 30-40 առաջ կամ 1․5 ժամ հետո,

- նախընտրելի է նիհարելու դեպքում օգտագործվող հյութեր պատրաստելիս ավելի քաջատեղյակ լինել մրգի ազդեցությանն օրգանիզմի վրա, ինչում էլ կփորձենք հիմա ձեզ օգնել։

1․ Վարունգի հյութ․ այդ հյութը բարենպաստ ազդեցություն է ունենում հատկապես աղեստամոքսային խնդիրների դեպքում։ Այն ունի աղեմաքրման հատկություն։ Նախընտրելի է օգտագործել օրվա առաջին հատվածում, մեկ ընդունման դեպքում՝ 100 գրամ։ Հակացուցվում է խոցային և միզաքարային հիվանդությունների դեպքում։

2․ Նեխուրի հյութ․ նեխուրն ունի ճարպերն այրելու և օրգանիզմն ամրացնելու հատկություն։ Այն ընդունակ է հանել օրգանիզմում կուտակված ավելորդ աղը։ Նեխուրի հյութը նախընտրելի է ընդունել օրվա առաջին կեսին։ Հակացուցված է ստամոքսի լուրջ հիվանդությունների ժամանակ և տարեցներին։

3․ Տոմատի հյութ․ ամենահամեղ հյութերից է, որն արագացնում է մարսողությունը, անցկացնում փորի փքվածությունը։ Նախընտրելի է ըմպել այն մինչև օրվա 2-րդ կեսը։ Հակացուցված է միզաքարային հիվանդությունների, բարձր թթվայնության դեպքում։

4․ Խնձորի հյութ․ խնձորը ևս ունի աղիների մաքրման և ստամոքսի աշխատանքի բարելավման հատկություն։ Նրա կալորիականությունը հասնում է մինչև 50 կկալ/ 100մլ։ Հակացուցված է բարձր թթվայնության դեպքում։

5․ Թուրինջի հյութ․ ինքնին թուրինջը հանդիսանում է ճարպերն այրող պտուղ։ Այն հրաշալի է անդրադառնում օրգանիզմի մաքրման և նյութափոխանակության վրա։ Լավագույն ժամանակահատվածը այն ըմպելու համար համարվում է առավոտը և ճաշի ժամը։ Հակացուցված է ալերգիկներին։

6․ Արքայախնձորի հյութ․ արքայախնձորի օգտակար հատկությունները բավականին շատ են։ Այն, բացի ավելորդ քաշի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկը լինելուց, ունի նաև հակասթրեսային, հակաբորբոքային հատկություններ։

7․ Ձմերուկի հյութ․ այն հրաշալի կերպով կտրում է քաղցը, լավ անդրադառնում միզարձակման և նյութափոխանակության վրա։ Խորհուրդ է տրվում օգտագործել օրվա 2-րդ կեսին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել