Արդեն ամսից ավել է, ինչ Ֆեյսբուքում մոլեգնում է գարդասիլաֆիլների ու գարդասիլոֆոբների ահեղ մի մենամարտ։ Նախապատմությունն ու խնդրո առարկան գիտեք․ հունվարից աղջիկ երեխաներին գարդասիլ անվանումով նոր պատվաստում են անելու, որը, ըստ պաշտոնական վարկածի, կանխարգելում է կանացի ռեպրոդուկտիվ օրգան-համակարգում քաղցկեղը, իսկ ըստ ընդդիմախոսների՝ մեծ հավանականությամբ բերում է չբերության, քանի որ իր բաղադրության մեջ կա ստերիլիզացման համար օգտագործվող ինչ-որ նյութ։

Ու այս բանավեճը գնալով ավելի ու ավելի է կորցնում բանական բոլոր նշույլները՝ վերածվելով երկուստեք կոնսպիրոլոգիկ-հեգնական մեղադրանքների, և այս ամենը զուգորդվում է նորմալ հանրային քննարկման ու մատուցման փառահեղ ձախողումով և էլ ավելի փառահեղ (իրենց անհեթեթության մեջ) փիառ ակցիաներով, երբ գարդասիլոֆիլ բժիշկները հրապարակավ պատվաստում են իրենց աղջիկ երեխաներին։

Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես ոլորտի գիտակ չեմ, իրոք չգիտեմ՝ այդ անտեր գարդասիլը վնասակա՞ր է, թե՞ օգտավետ։ Բժիշկներին որ հարցնում ես, էլի նույն կարծիքների բախմանն ես հանդիպում՝ կեսը ֆիլ է, կեսը՝ ֆոբ։ Համացանցն էլ տնտղելիս հանդիպում ես բազմաթիվ վախեցնող ու բազմաթիվ գովացող բաների։ Ինձ այս ամենի մեջ զայրացնում է երկու բան՝ երեխաներին մեյդան գցելով ախմախ փիառ ակցիաներ անելն ու սնոբությունը, թե բա՝ եթե դուք դեմ եք գարդասիլին, ուրեմն՝ աֆղանական փուշտունների մակարդակի եք, գարդասիլն էլ պենիցիլինի պես մի բան է, էլի։

Երեխաների մասով ակցիան հիմարություն էր, որովհետև ես ու ինձ պես նեյտրալ բազմաթիվ մարդիկ, չլինելով այն մարդկանցից, ովքեր կոչ էին անում սեփական երեխեքին պատվաստել դրանով, այդպես էլ հստակ պատասխան չստացան, թե ինչու է այդ անտեր միջոցը լավը։ Որ բռնեցին ու իրանց երեխեքին պատվաստեցի՞ն։ Էհ, հետո՞։ Ընդդիմախոսներն ասում են, որ կողմնակի էֆեկտներն իրենցն ասում են միայն ռեպրոդուկտիվ տարիքում։ Հիմա ես պետք է նստեմ ու սպասեմ, թե էդ աղջիկները երբ են մեծանալու, որ տեսնեմ՝ չբեր դարձա՞ն, թե՞ ոնց։

Ինչ վերաբերում է սնոբներին․․․ Ժողովուրդ, ջոկե՞լ եք, որ դուք էլ հաստատ չգիտեք ու զուտ «հավատում եմ-չեմ հավատում» մակարդակի վրա եք, բայց պիտակավորում եք ուրիշներին։ Չէ՛, գարդասիլը պենիցիլին չէ, ու դրա մասին լիքը բացասական քեյսեր կան նույն ինտերնետում։ Ու չէ՛, պարտադիր չէ աֆղանստանցու աշխարհընկալում ունենալ, որպեսզի թերահավատությամբ մոտենաս գարդասիլին կամ էլ այլ միջոցներին։ Նենց մի ինքնահավան պոզա եք բռնում, ոնց որ վերջին տարիներին հեչ չեն եղել ԱՊԱՑՈՒՑՎԱԾ դեպքեր, որ դիտավորությամբ ստերիլիզացրել են կանանց։ Առնվազն երկու այդպիսի դեպք բավականին հնչեղ են ու բոլորին հասանելի՝ եթովպացի փախստականների գաղտնի ստերիլիզացումը Իսրայելի կողմից և կանանց չզգուշացնելով ստերիլիզացումն Ուզբեկստանում։ Ու սա հաստատվածներն են, բա եթե չհաստատված ու կոնսպիրոլոգիկ վարկածներն էլ հաշվի առնենք, որ, ասենք, աֆրիկյան երկրներում են այս կերպ փորձում պայքարել բարձր ծնելիության դեմ, բա էդ դեպքում ի՞նչ կստացվի։

Ես չեմ ասում, որ գարդասիլ կոչվածը միանշանակ չարիք է, քանի որ չունեմ ուղղակի փաստեր, որ դրա մասին կվկայեին։ Ես չեմ ասում, որ գարդասիլը միանշանակորեն բարիք է, քանի որ նույնն էլ չեմ կարող անել այս տարբերակի համար։ Ես ասում եմ, որ բացարձակ ապաշնորհ արշավ է արվում, ու անգամ ոլորտի մասնագետների մոտ միահամուռ մոտեցում չկա։ Նորմալ հանրային քննարկումներ արե՛ք ու մարդկանց համոզեք ձեր արգումենտացիայով, ոչ թե էժան շոուներով ու քամահրանքով։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել