Shamshyan.com-ը գրում է.

Երեկ՝ նոյեմբերի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:00–ի սահմաններում Սարալանջի պողոտայում Երևանի բնակիչ, 18-ամյա Ալեն Գևորգյանը իր վարած Mercedes E 320 մակնիշի 13 AL 133 համարանիշի ավտոմեքենայով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր շրջված հայտնվել հանդիպակաց երթևեկելի գոտում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային Ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 4-րդ դասակի աշխատակիցները:

Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և սահմանազատել տարածքը:

Ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության հերթապահ խումբը, ովքեր վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից, տեղում ցուցաբերել առաջին բուժօգնություն, որից հետո վարորդը հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց, պատճառաբանելով, որ իրեն լավ է զգում: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հետաքննիչ Գարիկ Կարապետյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել