Գնալով ավելի է խորանում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի միջև հակասությունը: 
Թայիփ Էրդողանն, իրեն ուղղված օֆշորային մեղադրանքին անդրադառնալով, ասել է.
«Եթե Թայիփ Էրդողանը արտերկրում մեկ ղուրուշ ունի, ապա դա պետք է ապացուցվի: Իսկ եթե ապացուցվի, ապա մեկ րոպե էլ չեմ մնա նախագահի պաշտոնում»:
«Դու ասում ես (Քեմալ Քըլըչդարօղլունին է դիմում), որ Ռեջեփ Թայիփ ԷրդողանՆ օֆշորային հաշիվներ ունի: Ապացուցիր, եթե չես կարող ապացուցել, ապա ինքդ ստիպված կլինես հրաժարվել քաղաքանկանությունից»,- ավելացրել է Էրդողանը: 
Նշեմ, որ CHP- ի առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրանքներ է հնչեցրել Էրդողանի հասցեին, որ ինչպես Էրդողանը, այնպես էլ իր շրջապատը, մասնավորապես՝ վարչապետ Յըլդըրըմը, իր որդիների անունով օֆշորային հաշիվներ ունեն Մալթայում:
«Էրդողան, ես Ձեզ պարզ հարց եմ տալիս ու ակնկալում պարզ պատասխան: Գիտե՞ք, որ ձեր երեխաները, Ձեր եղբայրը և Ձեր նախկին գործադիր օգնականը միլիոնավոր դոլարներ են ներդրել մի ընկերության մեջ, որը գտնվում է օֆշորային գոտում»,- նոյեմբերի 21-ին հարց էր ուղղել Էրդողանին Քըլըչդարօղլուն՝ չնշելով կոնկրետ ընկերության անունը:
«Ես ձեզ կասեմ, որ այդ ընկերության հիմնադիր կապիտալը ընդամենը մեկ ֆունտ ստեռլինգ է, բայց արի ու տես, որ վերը նշված մարդկանց ներդրած գումարները միլիոնավոր դոլարների են հասնում: Ես սպասում եմ սրա պատասխանին»,- ասել է CHP առաջնորդը:
Էրդողանը հաջորդ օրը պատասխանում է այս մեղադրանքին.
«Ես այս անձին, որի անունը չեմ էլ ուզում տալ, առաջարկում եմ այդ փաստաթղթերը, որոնք ապացուցում են ինձ, իմ ընտանիքին և իմ մերձավոր շրջապատին ուղղված մեղադրանքները, հրապարակի: Եթե իրականում կան այդպիսի փաստաթղթեր, ապա դրանք հրապարակայնացրեք, և ես կանեմ այն, ինչ անհրաժեշտ է նման դեպքում»: 
Նոյեմբերի 21-ից սկսած՝ Էրդողանն արդեն հինգ անգամ անձամբ է անդրադարձել իրեն ուղղված այս մեղադրանքին, սակայն առայժմ միայն ահաբեկման տեսքով: Նա նույնիսկ չի մերժում իրեն ուղղված մեղադրանքը, այլ անընդհատ պնդում է, որ այն ապացուցեն: Ավելին՝ Էրդողանի փաստաբանները բողոք են ներկայացրել CHP-ի առաջնորդի դեմ՝ պահանջելով 1,5 միլիոն լիրա (մոտ 350 հզ դոլար)՝ որպես բարոյական փոխհատուցում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել