Այո, «փոքր ածու» Հայաստանը կարողացավ հնարավորինս շահեկան օգտվել առկա իրողություններից և փաստաթղթային ձևակերպման հասցնել «և-և»-ի մոտեցումը:
Իմ կարծիքով, սա, ինչ խոսք, ձեռքբերում է: Դիվանագիտական, պետական, քաղաքական ձեռքբերում: Ըստ որում, ես չէի ուզենա տարանջատել այդ ձեռքբերումը: Ինչպես արդեն ասել եմ՝ այն ընկալում եմ որպես պետության քաղաքական համակարգի ձեռքբերում, առանց իշխանություն-ընդդիմություն-հասարակական սեկտոր տարանջատումների:
Ես, բնականաբար, նկատում եմ որոշակի ու բնական ոգևորություն՝ Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ: Իհարկե, սուտ կլինի, եթե ասեմ, թե՝ ուրախացողների մեջ չեմ: Բայց...
Ի՜նչ եմ ցանկանում ամենից շատ: Ցանկանում եմ, որ նույնպիսի ոգևորությամբ, կամ լավ, եղածի կեսի կամ անգամ քառորդի չափ ոգևորությամբ իմ հայրենակիցները ձգտեն իրագործել իրենցից կախված այն քայլերը, որ Հայաստանը իրավունքի, իրավական, տնտեսական, սոցիալական, առողջապահական, գիտակրթական, բնապահպանական առումներով, մոտենա նույն այդ Եվրոպային: Ու ոչ թե նրա համար, որ նման բան է գրված որևէ փաստաթղթում, այլ՝ որ ինքն իսկապես ուզում է հասնել դրան: Առանց այդ իսկապեսի ոչինչ էլ չի ստացվի՝ ուզում է 3 համաձայնագիր կնքվի:
Ի վերջո, ոչ ոք մեր փոխարեն չի պաշտպանելու մեր երկիրը:
Ոչ ոք մեր փոխարեն չի կառուցելու մեր պետությունը:
Ու նաև օտարության մեջ գոյատևելով, կարոտատանջ ախուվախ անելով էլ Հայրենիք չի շենանալու, իմ կարծիքով:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել