Միջնադարը մեր օրերից տարբերվել է ոչ միայն մարդկանց աշխարհայացքներով, պատկերացումներով, այլ նաև նրանց ֆիզիոլոգիական հատկանիշներով: Այդպիսիներից մեկն էլ այն մարդկանց քայլվածքն էր, որոնք բնակվում էին եվրոպական պետություններում մինչև 16-րդ դարը:

Եթե ուշադրությամբ զննենք ժամանակակից մարդու առօրյա քայլվածքը, ապա կնկատենք, որ յուրաքանչյուր քայլի ժամանակ առաջինը գետնի մակերևույթին դիպչում է ոտնաթաթը: Հարմարավետ կարված կոշիկների շնորհիվ մենք առաջ ենք շարժվում՝ չմտածելով ճանապարհի անհարթությունների, դրա վրա գտնվող քարերի և այլ սուր առարկաների մասին:

Միջնադարում և դրանից առաջ մարդկանց «հարաբերությունները» կոշիկների հետ ամբողջովին այլ էին: Բնակիչների գերակշիռ մասն առհասարակ չուներ սեփական ոտնամաններ, այդ պատճառով էլ նրանք իրենց ոտքերը փաթաթում էին կտորներով և շարունակում քայլել: Կային հաջողակներ, որոնք ոտնամաններ էին կրում, սակայն վերջիններս իրենցից ներկայացնում էին կաշվից պատրաստված հաստ գուլպաներ, որոնք չունեին հարմարավետ ու ամուր ներբաններ և ուղղակիորեն «ընդգրկում էին» ոտքերը: Նմանատիպ կոշիկներ կարող եք տեսնել միջնադարյան գրեթե բոլոր պատկերներում:

Իհարկե, այդպիսի կոշիկները չէին փրկում ճանապարհային անհարթություններից: Ընդհանուր առմամբ՝ միջնադարյան ճանապարհները գրեթե ընդհանրություններ չունեին մերօրյա ճանապարհների հետ. դրանք լի էին չափազանց սուր քարերով, ինչպես նաև աղբով, որը ոչ ոք չէր հավաքում: Այս ամենը հիմք էր հանդիսանում այն բանի, որ քայլելիս մարդիկ առաջնահերթ գետնի մակերևույթին էին հպում ոտքի մատները, այլ ոչ թե ամբողջ թաթը, որպեսզի սուր քարերի կամ տհաճ առարկաների առկայության դեպքում մեծ վնասվածքներ չունենային:

Միայն 16-րդ դարից սկսած, երբ Եվրոպայում հայտնվեցին ամուր ներբաններով ոտնամաններ, իսկ քաղաքների փողոցները կառուցում էին ավելի հարթ քարերով, մարդկանց քայլվածքն առավել հարմար և վստահ դարձավ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել