Panorama.am-ը գրում է.

«Ազգային ինքնորոշում միավորում» կուսակցության նախագահ Պարույր Հայրիկյանը հայտարարել է հացադուլն ավարտելու և ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի դեմ դատական հայց ներկայացնելու մասին: Panorama.am-ը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին դիմեց՝ հարցով՝ իրավական առումով որքանո՞վ է հիմնավորված այդ հայցը:

ԿԸՀ նախագահը նշեց, որ ԿԸՀ-ն Պարույր Հայրիկյանից ստացել էր դիմում, որը վերաբերում էր սահմանադրական բարեփոխումների ստորագրահավաք սկսելու նպատակով պաշտոնաթղթի օրինակներ տրամադրելուն: Դիմումատուն նաև առաջարկում էր, որպեսզի ներկայացվեին գործողությունների ցուցակ և ժամանակացույց: Դիմումը ԿԸՀ էր ներկայացվել նոյեմբերի 3-ին, դրա վերաբերյալ ԿԸՀ-ն մանրամասն պատասխան էր տվել:

ԿԸՀ-ից արձագանքել էին, որ նման ձևաթղթեր ընդհանրապես չեն կարող տրամադրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ քաղաքացիների նախաձեռնությամբ հանրաքվեի անցկացման ինստիտուտ չկա:

«Մենք սահմանադրական դրույթներին չէինք անդրադարձել, որովհետև յուրաքանչյուր պատասխան տրվում է այն դիմումի համատեքստում, ինչ որ ներկայացված է: Հետագայում ստացանք ևս մեկ գրություն, այն մի փոքր դժվար է դասական ատումով դիմում կոչել: Մենք այդ երկրորդ գրության հետ կապված ավելի մանրակրկիտ պարզաբանումներ տվեցինք, որովհետև ընկալելի դարձավ, որ վերջինս նկատի ունի Սահմանադրության մեջ ամրագրված իրավադրույթը»,- ասաց Մուկուչյանը՝ մանրամասնելով, որ Սահմանադրության 202 հոդվածում ուղղակի կար ձևակերպում, համաձայն որի՝ Սահմանադրություն ընդունելու կամ փոխելու նախաձեռնության իրավունք ունեն, ի թիվս մի շարք սուբյեկտների, նաև ընտրական իրավունք ունեցող 200 հազար քաղաքացի:

Նշված հոդվածը զետեղված է Սահմանադրության 15-րդ գլխում, իսկ Սահմանադրության «Եզրափակիչ կամ անցումային դրույթներ» գլխում զետեղված 209-րդ հոդվածն ուղղակիորեն սահմանում էր, որ Սահմանադրության՝ 12-15-րդ գլուխների հոդվածներն ուժի մեջ են մտնում հանրապետության նորընտիր նախագահի կողմից՝ իր պաշտոնի ստանձնման օրը, մինչ այդ շարունակում են գործել 2005 թվականի փոփոխություններով Սահմանադրության դրույթները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել