Armenpress.am-ը գրում է.

Հայաստանը չի պատրաստվում արգելափակել Եվրամիության Արևելյան գործընկերության 5-րդ գագաթնաժողովի վերջնական հռչակագրի ընդունումը: Բրյուսելում այս մասին հայտարարել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը` պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, թե պատրաստվում է Հայաստանն արգելափակել Արևելյան գործընկերության հռչակագրի ընդունումը:

«Ոչ, ինչո՞ւ պետք է արգելափակենք:  Կարծում եմ, որ այն փոխզիջումային տարբերակով կանցնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է ՀՀ Նախագահը: 

Դիտարկմանը, թե Ադրբեջանն առաջ է մղում բավականին դժվար ձևակերպումներ, ՀՀ Նախագահը պատասխանել է. «Ադրբեջանը կարող է առաջ մղել, սակայն ո՞վ պետք է ընդունի այդ ձևակերպումները: Եվ չեմ կարծում, որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովն այն հարթակն է, որտեղ պետք է քննարկենք մեր հարաբերությունները»:

Նախագահ Սերժ Սարգսյանը հավելել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, իսկ Եվրամիությունն այդ հարցում ամբողջովին սատարում է Մինսկի խմբին: ՀՀ Նախագահի խոսքով` հայկական կողմից սա  ամբողջովին բավարարում է:

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում պատասխանելով հարցին, թե շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս ՀՀ–ԵՄ համաձայնագրից, Սերժ Սարգսյանն ասել էր, որ ՀՀ քաղաքացին անմիջապես իր վրա ոչինչ չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև «մենք բարեփոխումներն ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ»։ 

«Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք, թե վաղվա գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի»,– ասել էր Սերժ Սարգսյանը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել