Հարություն Հովհաննեսի Գավուքյանն, ով ավելի հայտնի է Արթին Գավուք անունով, ծնվել է Կիլիկիայի Մերսին քաղաքում: Հայոց ցեղասպանության տարիներին Հովհաննես Գավուքյանի ընտանիքը տեղահանվել է Ադանա, ապա` Երուսաղեմ, այնտեղից անցել Կիպրոս: Հարությունը ծնվել է գաղթի ճանապարհին` Մերսինում:
1923 թվականին հաստատվել է Կահիրեում, որտեղ հոր շնորհիվ դարձել է Եգիպտոսի արքունական լուսանկարիչը, սովորել նկարչություն, լուսանկարչություն: 1932 թվականին ավարտել է Կահիրեի Պերպերյան վարժարանը, եղել Շահան Պերպերյանի աշակերտը: 1932 թվականին միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է հոր լուսանկարչատուն-արվեստանոցում: 1938 թվականին Ալեքսանդրիայում բացել է իր լուսանկարչատունը և հայտնի դարձել Եգիպտոսում:
1950-1955 թվականներին երկարատև ճանապարհորդություններ է կատարել Միջին Արևելքի և Եվրոպայի տարբեր քաղաքներ: 1953 թվականին Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Գեվաերտ» ընկերությունում ուսումնասիրել է գունավոր լուսանկարչության արվեստը: Նույն տարում Կահիրեում բացել է Մերձավոր Արևելքում առաջին գունավոր դիմանկարահանման լուսանկարչատունը:
1958 թվականից ընտանիքով հաստատվել է Տորոնտոյում: Բացել է իր լուսանկարչական արվեստանոցը, սկսել է լուսանկարչորեն պատճենահանել կտավի վրա, ինչը մեծ հաջողություն է բերել նրան:
Արթին Գավուքը մեծ համբավ էր վայելում նաև ԽՍՀՄ-ում։ Նա լուսանկարվել է խորհրդային այնպիսի դեմքերի հետ, ինչպիսիք են Լեոնիդ Բրեժնևը, Անաստաս Միկոյանը, մարշալ Հովհաննես Բաղրամյանը։ Բաղրամյանի դեպքում Գավուքն առանձին է լուսանկարել նրան, ինչի արդյունքն այդ տարիների համար ուղղակի անկրկնելի էր։
ԽՄԿԿ գլխավոր քարտուղար Լեոնիդ Բրեժնևի հետ արված լուսանկարն առանձնակի նշանակություն ուներ Գավուքի համար։ Այն, կարելի է ասել, որպես անցաթուղթ էր ծառայում դեպի ԽՍՀՄ տարածք։ Երբ սահմանապահների հետ ինչ-որ անհամաձայնություն էր լինում, Գավուքն անմիջապես ցույց էր տալիս իր և Բրեժնևի լուսանկարն, ու ամեն բան հարթվում էր։
Լինելով իր գործի վարպետ՝ Գավուքը լուսանկարել է շատ նշանավոր անձանց, ինչպիսիք են Շառլ դը Գոլը, Ինդիրա Գանդին, Զոլտան Կոդայը, Լյուդվիգ Էրհարտը, Պիեռ Էլիոթ Թրյուդոն, Հարոլդ Մաք Միլանը, աստղանավորդ Ջեյմս Լովըլը, հայազգի մեծերից` Վազգեն Առաջին Վեհափառը, Արամ Խաչատրյանը, Ալեք Մանուկյանը, Անաստաս Միկոյանը, Մարտիրոս Սարյանը, Շառլ Ազնավուրը, Անտոն Քոչինյանը, Լիլի Չուգասզյանը և ուրիշներ: 
 
    
Լուսանկարում Արթին Գավուքի դուստրը` Էնն Գավուքյանն, ու որդիները՝ Օնիկն ու Րաֆֆին են՝ Անաստաս Միկոյանի հետ։
Իսկ այս նամակում կոմունիստական կուսակցության և խորհրդային պետության գործիչ, ԽՄԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ալեքսեյ Կոսիգինը շնորհակալություն է հայտնում Կանադայի արտգործնախարար Միթչել Շարփին՝ Արտին Գավուքյանի արած լուսանկարը նրան ուղարկելու համար։
Նամակում մասնավորապես ասված է.

«Մոսկվա, 1 սեպտեմբերի, 1972․

Հարգելի պրն․ նախարար,

Շնորհակալ եմ ձեր բարության համար, որը ցուցաբերեցիք՝ ինձ ուղարկելով մեծն վարպետ Արթին Գավուքյանի արած լուսանկարը։ Լավագույն մաղթանքներս Ձեզ և պրն․ Արտին Գավուքյանին, ում նույնպես, խնդրում եմ, ուղարկեք այս նամակի օրինակը՝ իմ խորին երախտապարտության հետ միասին։

Հարգանքով,

Ա․ Կոսիգին,

Պրն․ Միթչել Շարփ,

Կանադայի Արտաքին գործերի նախարարություն, Օտտավա»։

Գավուքն անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեյում, Անտվերպենում, Նյու Յորքում, Տորոնտոյում, Օտտավայում, Երևանում, Մոսկվայում, Լոնդոնում, Բրոնտֆորդում, Փարիզում և այլուր: Արթին Գավուքը մահացել է Կանադայի Տորոնտո քաղաքում:

Լուսանկարների համար շնորհակալություն ենք հայտնում Կանադայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Լևոն Մարտիրոսյանին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել