shamshyan.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 21-ին, ավազակային հարձակման դեպքեր են տեղի ունեցել Երևանում, որոնց զոհերը երիտասարդ աղջիներ են եղել։

Ժամը 15։20-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանի Կասկադ համալիրի աստիճանների վերին անկյունային հատվածում անհայտ անձը դանակի սպառնալիքի տակ հափշտակել է Երևանի բնակչուհի՝ 18-ամյա Անահիտ Միրզախանյանին պատկանող «Սամսունգ 5Ա» տեսակի բջջային հեռախոսը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճիվաղը ավազակային հարձակման ժամանակ վնասել է աղջկա ձեռքը և պատճառել մոտ 240 հազար դրամի վնաս։

Դեպքի վայր են մեկնել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ, Ոստիկանության գնդապետ Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնում ավազակային հարձակման հատկանիշով հարուցվել է քրեական գործ։

Երեկ՝ ժամը 18։20-ի սահմաններում, անհայտ անձը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի փողոցի շենքերից մեկի շքամուտքում գիշերը ժամը 04։00-ի սահմաններում դանակի սպառնալիքի տակ հափշտակել է նույն շենքի բնակչուհի՝ 29-ամյա Ելենա Մնացականյանի ոսկյա և արծաթյա զարդերը, նրա մոտ եղած գումարը և iPhone տեսակի բջջային հեռախոսը։

Այս դեպքում դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանն ու Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի պետ Նավասարդյանը։

Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթունի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ։

Հանցագործության 2 փաստերով Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու, գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել