168.am-ը գրում է.

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին, որը նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայում հայտարարել էր իր պաշտոնից հեռանալու մասին, հրաժարվելէ պաշտոնաթող լինելու իր որոշումից եւ կրկին գլխավորելու է հանրապետության կառավարությունը: Այդ մասին նա հայտնել է նոյեմբերի 22-ին՝ ելույթ ունենալով Բաաբդա նախագահական պալատում անցկացված մամուլի ասուլիսում։

«Ես քաղաքական բոլոր ուժերին իրական գործընկերության կոչ եմ անում՝ հանուն ուժեղ պետության ստեղծման»,-ընդգծել է Հարիրին: Նա հայտնել է, որ համագործակցելու է նախագահ Միշել Աունի հետ, որպեսզի «Լիբանանը պաշտպանի նրան շրջապատող հակամարտությունների կրակից»:

«Մեր երկիրն այսօր տարածաշրջանային ընդդիմամարտությունից եւ բոլոր այն քայլերից ձեռնպահ մնալու քաղաքականության կարիքն ունի, որոնք կարող են վնաս պատճառել արաբ եղբայրների հետ նրա կապերին»,-ասել է վարչապետը: Հարիրին նոյեմբերի 22-ին ժամանել է Բեյրութ եւ մասնակցել Լիբանանի անկախության օրվա առթիվ կազմակերպված հանդիսություններին, որոնք ուղեկցվել են ռազմական շքերթով: Ավելի ուշ նա եռակողմ հանդիպում է անցկացրել հանրապետության նախագահի եւ խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերիի հետ, այնուհետեւ պետության ղեկավարի մոտ կայացել է պաշտոնական ունկնդրություն:

«Ես հանդիպել եմ նախագահի հետ եւ նրան պաշտոնաթողության խնդրագիր հանձնել, սակայն նա ինձ խնդրեց չշտապել իմ որոշման հարցում եւ մնալ իմ պաշտոնում, եւ ես համաձայնեցի նրա ցանկությանը»,-հայտնել է Հարիրին: Նա նշել է, որ այդ քայլին գնացել է՝ «լուրջ եւ պատասխանատու երկխոսությունը շարունակելու հույսով՝ նպատակ ունենալով հաղթահարել այն պատճառները, որոնցով պայմանավորված էին հրաժարական տալու իր որոշումը», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել