Տարածաշրջանում տեղի են ունենում լուրջ աշխարհաքաղաքական վերադասավորումներ, որոնք չեն շրջանցում նաև Հայաստանը:

Նախօրեին Երևան է ժամանել աշխարհի դիվանագիտական թիվ մեկ խաղացողներից մեկը` Սերգեյ Լավրովը, ում այցը նախորդում է ընդամենը երկու օրից Բրյուսելում կայանալիք ԱլԳ գագաթնաժողովին:

Լավրովը Երևան է եկել Բաքվից, որտեղ ուշագրավ հայտարարություններ էր արել։ Նախ՝ Լավրովն ասել է, որ, չնայած ռուս-ամերիկյան լուրջ տարաձայնություններին, Մինսկի խմբում ռուս-ամերիկյան գործակցությունը չի տուժել, և Մոսկվան ղարաբաղյան խնդրում ունի նույն դիրքորոշումը, ինչ և Փարիզն ու Վաշինգտոնը: Այսինքն՝ ՌԴ-ն փաստում է, որ ոչ ոք չի պատրաստվում փոխել ստատուս քվոն:

Ալիևը տևական ժամանակ գրեթե բացահայտորեն քննադատում էր Վաշինգտոնին և Փարիզին հայամետ դիրքորոշում ունենալու, Ադրբեջանի «արդարացի» պահանջները, տարածքային ամբողջականության խնդիրները մերժելու համար: Ալիևն այդ ամենը հայտարարել է չափազանց հաճախ և չափազանց բաց ու թափանցիկ, և եթե այդ պայմաններում Լավրովը Բաքվում հայտարարում է Վաշինգտոնի և Փարիզի հետ համակարծիք լինելու մասին, մեկնաբանությունները դառնում են ավելորդ:

Լավրովի այցի գլխավոր նպատակն այն էր, որ Մոսկվան ուզում է ասել՝ ինքը կա այս տարածաշրջանում, ակտիվ է, մեծ դեր ունի, ընդ որում՝ ոչ միայն Հարավային Կովկասում, այլև ավելի լայն՝ Մերձավոր Արևելքում։

ԼՂ խնդրի կարգավորման հիմնական սկզբունքները հայտնի են բոլորին. այդ սկզբունքները հրապարակվել են բազմիցս և՛ համանախագահների, և՛ համանախագահ երկրների ղեկավարների կողմից: Բայց հատկանշական է փաստը, որ հիմնական սկզբունքները մեկտեղելու և փաստաթղթի վերածելու մասին խոսվում է Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հեռանկարի համատեքստում: Բաքվում Լավրովը հայտարարել է, թե Ռուսաստանը շատ ուրախ կլինի Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ-ում։ Այնպիսի տպավորություն է, թե ԼՂ խնդրի լուծումը հենց Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու շրջանակներում է լինելու:

Պետք է փաստենք, որ Լավրովը Բաքվում ադրբեջանական ղեկավարությանը հասկացրել է, որ Ղարաբաղյան հակամարտության հարցում որոշումները կայացվելու են միասնական` ՄԽ համանախագահ երկրների կողմից, միաժամանակ նա բացառել է հատվածական և սեպարատ որևէ գործընթաց. այս թեզն, ակնհայտ է, որ հակասում էր Իլհամի ծրագրերին: Միաժամանակ Լավրովի այցը նման էր նաև հակամարտող կողմերին «բարիշեցնելու»  և բանակցային գործընթացում «ռեստարտ»-ի մի յուրատեսակ ժեստի:

ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավարն օրերս հանդիպել է նաև Թուրքիայի և Իրանի իր գործընկերների հետ, այդ այցերն ունեն տարածաշրջանային կարևոր նշանակություն։ Այն հարաբերությունները, որ այժմ Ռուսաստանը ստեղծում է Իրանի և Թուրքիայի հետ, դրա ամրացման ուղղությամբ են ինչ-որ քայլեր արվում, որովհետև ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահների միջև համաձայնություն եղավ Սիրիայի հարցով, որը խնդիրներ ստեղծեց Թուրքիայի և Իրանի համար։ Ակնհայտ է, որ այս կոնտեքստում Ադրբեջանը և Հայաստանը առնչվում են այդ խնդիրների հետ, հատկապես՝ Ադրբեջանը:

Ներկայիս իրավիճակը չենք համեմատի Վիլնյուսի գագաթնաժողովից առաջ տիրող իրավիճակի հետ, երբ Ռուսաստանը խստապես ուներ Հայաստանին ԵՄ-ի հետ ԱՀ-ն նախաստորագրելուց հետ պահելու միջոցով ԱլԳ անդամ մյուս երկրներին ուղերձ հղելու կարիք, որոնք նույնպես պատրաստվում էին Վիլնյուսում նախաստորագրել կամ ստորագրել ԵՄ-ի հետ ԱՀ-ն։ Այժմ Հայաստանն իր ներկայիս «կարգավիճակով» միակն է ԱլԳ անդամ երկրների թվում, և «Հայաստանի միջոցով» ԱլԳ անդամ մյուս երկրներին ուղերձ հղելու կարիք չի զգացվում։

Պետք է փաստենք, որ համաձայնագիրը կենսական կարևորության հարց չէ Ռուսաստանի համար։ Մեծ հաշվով՝ այն չի կարող կասկածի տակ դնել ՀՀ-ում Ռուսաստանի դիրքերը, որոնք բավականին ամուր են։ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման դեպքում Ռուսաստանը կշարունակի Հայաստանում պահպանել իր բավականին մեծ ազդեցությունն ու լծակները։ Հայաստանը ԵԱՏՄ եվրոպական անդամների թվում միակն է, ով ԵՄ-ի հետ պահպանում է բավականին ջերմ հարաբերություններ. Ռուսաստանն ու Բելառուսը գտնվում են ԵՄ-ի պատժամիջոցների ներքո, բացի այդ՝ Բելառուսը ԵԽ անդամ չէ։ Ռուսաստանը կարող է օգտվել Հայաստանի այս «կարգավիճակից», ով նույնպես կարող է ժամանակի ընթացքում որոշ հարցերում կապող օղակ ծառայել ԵՄ-ի ու ՌԴ-ի միջև։

ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման հարցը կարող է դիտարկվել նաև Ռուսաստանի իմիջին վնաս պատճառելու տեսանկյունից և մղել կանխարգելիչ քայլերի։ Արտաքին քաղաքական ու ներքաղաքական զարգացումներից կախված՝ կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ ՌԴ իշխանություններն ունենան Արևմուտքի հանդեպ փոքրիկ հաղթանակի կարիք, և այդ պլանում ամենահարմար և դյուրամատչելի առիթը կարող է դառնալ ԵՄ-ՀՀ նոր համաձայնագրի ստորագրման խափանումը։

Փաստացի՝ ունենք մի իրավիճակ, երբ հայրենի մեդիահարթակում ՀՀ-ԵՄ համաձայնագիրը շատ է ասոցացվում ու կապվում Ռուսաստանի դերակատարության հետ` միաժամանակ գերագնահատելով այն, ԶԼՄ-երը արհեստական փորձ են անում ցանկացած դետալ դիտարկել ինչ-որ կասկածելի քողի տակ և արհեստական ենթատեքստերի ու ինտրիգների ֆոն ստեղծել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել