Econews.am-ը գրում է․

Մեծ Բրիտանական «International Animal Rescue» կազմակերպությունն անդրադարձել է Հայաստանում բանտարկված արջերի փրկության մեծ ծրագրին, որին մասնակցություն ունի նաև նշված կազմակերպությունը: «International Animal Rescue» պաշտոնական ֆեյսբուքյան էջում գրում է. «Մենք հանիգստ խղճով կարող ենք հայտնել, որ փրկել ենք այս արջին աներևակայելի տառապանքներով լի կյանքից: Այնուամենայնիվ, մենք խորապես վշտացած ենք այն իրավիճակից, որում նրան հայտնաբերել ենք: Մենք գիտակցում էինք, որ ստանձնում ենք արջերին փրկելու պարտականություն, ինչը զգացմունքորեն ցավալի պետք է լինի, բայց դաժանության և անփութության այս դեպքը կոտրեց մեր սրտերը»:

Կազմակերպությունը գրում է տեսանյութում երևացող էգ արջի մասին, որն, ըստ նրանց տեղեկությունների, մոտ 29 տարեկան է: Հավանական է, որ վերջինս իր կյանքի մեծ մասը՝ մոտ 20 տարի, անցկացրել է գերության մեջ: Հավանաբար մութ և միայնակ քարանձավում, որտեղ մենք նրան հայտնաբերեցինք: Նրան կերակրել են շոկոլադե սալիկներով, կոկա-կոլայով և խորովածով, ինչի արդյունքում է նաև, որ այս հասուն արջն ընդամենը քոթոթի տեսք ունի: 

«International Animal Rescue» պաշտոնական էջում գրում է. «Արջը փրկվել է FPWC-ում աշխատող գործընկերների ջանքերով և այժմ գտնվում է մեր ապաստարանում»:

Բանտարկության մեջ անցկացրած տարիների հետևանքով արջն այժմ գտնվում է ծանր հոգեկան ապրումների մեջ:

Հաղորդագրությանն ամբողջությամբ կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով: Նշենք, որ ավելի վաղ Ուրցաձորի Վայրի կենդանիների փրկարար կենտրոն է տեղափոխվել նաև «Էլ Գարդեն» ռեստորանային համալիրի արջը։ « Հենց «Էլ Գարդենի» արջը, հայտնվելով ահռելի ազատավանդակում, ընդամենը 4 մետր տարածության վրա է գնում-գալիս։ Դա հենց այն վանդակի չափն է, որտեղ ապրել է նա»,- մեզ /EcoNews.am բնապահպանական տեղեկատվական կայք/ հետ զրույցում ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հանրային կապերի համակարգող Վահագն Թևոսյանը: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել